«Ապրելու երկիր» կուսակցության տարեվերջյան ամփոփում․
2025 թվականը բավական հագեցած և միևնույն ժամանակ հակասական տարի էր «Ապրելու երկիր» կուսակցության համար։
Տարին սկսվեց նախընտրական մթնոլորտում․ Գյումրիում և Փարաքարում նախատեսված էին արտահերթ ՏԻՄ ընտրություններ։
Մարտի 30-ին կայացած ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թիմը վստահ հաղթանակ տարավ Փարաքար համայնքում՝ ստանձնելով համայնքի ղեկավարումը։
Տարվա ընթացքում ինչպես Փարաքարում, այնպես էլ մեր կողմից ղեկավարվող մյուս համայնքներում իրականացվեցին մեծածավալ աշխատանքներ և շոշափելի բարեփոխումներ՝ ուղղված համայնքային կյանքի բարելավմանը։
2025 թվականին կուսակցությունը ակտիվ քաղաքական քննարկումներ ունեցավ տարբեր ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների և հնարավոր համագործակցությունների շուրջ։
Սակայն տարին «Ապրելու երկիր» կուսակցության համար ավարտվում է ծանր և անդառնալի կորստով․ մեր թիմակիցը, Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը այլևս մեզ հետ չէ։
Նրա բացակայությունը խորը ցավ է ոչ միայն մեր կուսակցության, այլև ամբողջ համայնքի համար։ Վալոդյայի նվիրումն ու գործը մեզ պարտավորեցնում են շարունակել նրա սկսած ճանապարհը՝ ավելի ուժեղ, ավելի պատասխանատու և ավելի համախմբված։
2026 թվականին «Ապրելու երկիր» կուսակցությունը իր թիմակիցներին և համակիրներին մաղթում է ընտանեկան ջերմություն, ամուր առողջություն և ուժ։
Առաջիկա տարում միասին շարունակելու ենք մեր ճանապարհը՝ հանուն նոր հաղթանակների, հանուն մեր թիմի և, ամենակարևորը, հանուն մեր հայրենիքի։