«Ապրելու երկիր» կուսակցությունը իր մասնակցությունը ընտրություններին դիտարկում է որպես քաղաքական ճանապարհի բնական հանգրվան․ Մանե Թանդիլյան

calendar

09 January, 2026

Print

«Ապրելու երկիր» կուսակցությունը իր մասնակցությունը ընտրություններին դիտարկում է որպես քաղաքական ճանապարհի բնական հանգրվան․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2021 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հիմնադրելով «Ապրելու երկիր» կուսակցությունը, մենք ունեցել ենք մեկ հստակ նպատակ՝ ժողովրդի քվեով հասնել իշխանափոխության։

Այս ամբողջ ընթացքում մենք կարևորել ենք հենց ընտրություններով իշխանափոխության գաղափարը՝ որպես ժողովրդավարության տեսանկյունից ամենաարդյունավետ և լեգիտիմ ճանապարհ։ Այդ համոզմամբ մենք մասնակցել ենք ՏԻՄ ընտրություններին 25 անգամ՝ արձանագրելով ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ։ Այդ ճանապարհը մեզ համար եղել է բարդ, բայց չափազանց կարևոր՝ կուսակցության ձևավորման և կայացման առումով։

Այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում «Ապրելու երկիրը» կայացել է որպես քաղաքական ուժ հայաստանյան քաղաքական դաշտում՝ կուտակած փորձով, ընտրական գործընթացներին լայն մասնակցությամբ և արձանագրած հաջողություններով։

Մենք ունեցել և շարունակում ենք ունենալ այն համոզմունքը, որ Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով՝ միաժամանակ աջակցելով հանրային ընդվզման տարբեր գործընթացներին։ Արդյունքում այսօր արդեն ակնհայտ է, որ տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն են, որտեղ ցանկացած վրիպում կարող է դառնալ անթույլատրելի, անգամ՝ «հանցավոր» շռայլություն։

«Ապրելու երկիր» կուսակցությունը իր մասնակցությունը ընտրություններին դիտարկում է որպես քաղաքական ճանապարհի բնական հանգրվան, որին մոտենում է բացառիկ պատասխանատվությամբ։

Մենք հստակ գիտակցում ենք մեր ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։ Այդ ամենը ազնիվ գնահատելով՝ մենք անում ենք առավելագույնը՝ ընտրություններին ներկայանալու ավելի միասնական, ավելի ուժեղ և առավել պատասխանատու՝ կիսելով ինչպես թիմային, այնպես էլ անհատական պատասխանատվությունը»։