«Հրապարակի» զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
- ՏԻՄ ընտրություններին իշխանությունները հիմնավոր են պատրաստվում՝ տարատեսակ ու բազմազան ճնշումների գործիքակազմ են կիրառում։ «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, ի՞նչ ճնշումների եք բախվում, ինչպե՞ս են փորձում խոչընդոտել ձեզ։
- ՏԻՄ մակարդակով ճնշումների մասին, կարծում եմ, նորություն չի, որ խոսում ենք։ 2021 թվականից ներդրված համամասնական համակարգը, երբ կուսակցություններն են մասնակցում, մենք բազմաթիվ տեղեր մասնակցել ենք ընտրություններին եւ որոշ ժամանակ հետո ականատես ենք եղել` այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել է, բազմաթիվ ապօրինությունների գնով փորձել են իշխանությունը խլել։ Նույնը մեր հանդեպ Ալավերդիում տեղի ունեցավ, այլ դեպքեր, նաեւ ընդդիմադիր մի շարք համայնքապետերի կալանավորումներ, Վանաձորում 5 տարի է՝ համայնքի ղեկավար չի լինում ընտրել՝ պաշտոնակատար են նշանակել։ Ինչ վերաբերում է այս ընթացքին, այնտեղ, որտեղ մենք ենք նախատեսում մասնակցել, նաեւ ընդդիմադիր այլ գործընկերներ, ականատես ենք լինում այնպիսի դրվագների, երբ մարդիկ նույնիսկ քննարկման պահից են խուսափում ընտրական պրոցեսներում ներգրավվել՝ ի սկզբանե վախեր ունենալով, որ ընտանիքի անդամին, բարեկամին աշխատանքից կազատեն, կվախեցնեն։ Մենք տեսանք ԱԺ ընտրություններում, թե ինչ մեծ ռեպրեսիաներ կիրառեցին ընդդիմադիր գործիչների, համակիրների, աջակիցների նկատմամբ, մարդիկ վախենում են նաեւ կալանավորումներից: Իսկ փոքր համայնքներում այդ մթնոլորտը շատ ավելի ցցուն է դրսեւորվում։ Բայց ունենք այն իշխանությունը, ինչ որ ունենք, եւ մենք պայքարելու ենք, որ ժողովրդի վստահությունը ստանանք, համայնքներում եղած խնդիրները բարձրաձայնելով` անել առավելագույնը, որ իշխանությունը քիչ ձայն ստանա եւ քիչ ազդեցություն ունենա։ Տարբեր մեծ ու փոքր խոչընդոտներ հաղթահարելով՝ գնում ենք առաջ։
- Բոլոր համայնքներում ունե՞ք թեկնածուներ, թե՞ դեռեւս գործընթացը գնում է։
- Մենք հիմնականում կմասնակցենք այն համայնքներում, որտեղ որ ներկայացված ենք։
- Քանի՞ համայնքի մասին է խոսքը։
- Առաջիկա օրերին կամբողջացնենք, այս պահին կենտրոնացած ենք հոկտեմբերի ընտրությունների վրա` մի քանի տեղ մասնակցում ենք, վերջնական քննարկումներն են, վերջնաժամկետն էլ բավականին մոտ է՝ առաջադրումները կիրակի են լինելու, առաջիկա օրերի ընթացքում կամբողջացնենք եւ կմտնենք պայքարի մեջ։
- Իսկ որո՞նք են ամենախնդրահարույց համայնքները, որտեղ ճնշումներն ուժեղ են, եւ թեկնածուների հետ կապված խնդիրները` շատ։
- Տարբեր համայնքներում տարբեր են խնդիրները։ Ընդ որում՝ այդ ճնշումներում ուժայիններն էլ են ներգրավված։ Կարեւոր մի փաստ արձանագրենք. այս փուլում տեղի է ունենում հետեւյալը, երբ թեկնածուներն անձնագրայինից տեղեկանք են վերցնում` վերջին վեց ամսում հաշվառված լինելու վերաբերյալ, բազմաթիվ տեղերից ստանում ենք ահազանգեր, որ դիմումը գրելուց բառացիորեն մի քանի րոպե հետո այդ ինֆորմացիան հասնում է իշխանություններին, ՔՊ-ականներն իմանում են։ Մարդկանց սկսում են զանգել, հորդորում են ընկերաբար, թե բա` ինչի՞դ է պետք, ինչի՞ ես մասնակցում եւ այլն, եւ այլն։ Սա ուղղակի ակնհայտ օրենքի խախտում է, մարդը պետական կառույցին դիմում է գրում, ու այդ տվյալը միանգամից ոստիկանության անձնագրային բաժնից ինչ-որ ճանապարհով` լոկալ համայնքային, մարզային մակարդակով, թե ամբողջական իշխանության, հասնում է տեղ, սկսում են, այսպես ասած, այդ մարդկանցով զբաղվել։ Ցավով եմ արձանագրում, որ հերթական անգամ մեր ուժային կառույցները, այս պարագայում` նաեւ ՆԳՆ-ի ենթակայության տակ է անձնագրային ստորաբաժանումը, ներգրավված են իշխանության պահպանման գործում։
- Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբայանին ձերբակալեցին, ապա բաց թողեցին։ Պատկերացնենք` ընտրությունների օրը կամ մեկ օր առաջ, իրենց համար առաջնահերթ համայնքներում ձերբակալում են ձեր թեկնածուին, ի՞նչ քայլեր եք անելու։
- Իհարկե, Ձեր բերած օրինակն իրականությունից հեռու չէ, բազմաթիվ են ընդդիմադիր գործիչների ձերբակալություններն ու կալանավորումները, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետերի, հիմա որ ասեմ՝ ֆանտաստիկայի ժանրից է Նոյեմբերյանի համայնքապետի կալանավորումը, իհարկե` ոչ։ 30 հազար դրամ ենթադրյալ չարաշահման վերաբերյալ էր այդ ձերբակալության որոշումը։ Նոյեմբերյանի ընտրություններին մասնակցելու ենք, անելու ենք առավելագույնը՝ իշխանությունն այնտեղ պահպանելու համար։ Հիմա, իշխանության քայլերին համահունչ, պատրաստ ենք անել հակընդդեմ գործողություններ՝ այնտեղ ժողովրդի կողմից վստահությունը ստանալու համար։
- Մենք գրել էինք, որ վախի մթնոլորտը հետ է պահում մարդկանց։
- Այո, շատ մարդիկ այդ մթնոլորտի ազդեցության տակ խուսափում են ընտրական պրոցեսների մեջ մտնել, մարդը գիտի, որ իր բարեկամն այսինչ մանկապարտեզում դայակ է աշխատում, մյուսի բարեկամը մշակույթի տանը պահակ է աշխատում, ունեն համոզմունք, որ իրենց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում՝ որպես ընդդիմադիր, վնասելու է թեկուզ ինչ-որ հեռավոր բարեկամի աշխատանքին։ 1-2 օրինակը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր համայնքներում եղել է, ազդում է մարդկանց վրա, մարդիկ, լինելով ընդդիմադիր, պայքարի պատրաստ, որոշակի պատճառներով խուսափում են: Ասեմ ավելին․ ավելի վատ գործընթացն այն է, որ մարդիկ ավելի շատ հրաժարվում են ոչ թե իրենց անձնական խնդիրների պատճառով, այլ իշխանությունների ստորությունն այնտեղ է, որ այդ ճնշման ժամանակ փորձում են վնասել ոչ թե ընդդիմադիրին, այլ՝ նրա բարեկամներին, որ մարդկանց դնեն վատ դրության մեջ։ Ավելի ստոր ճանապարհ են ընտրում, մարդկանց թույլ կետերին են փորձում հարվածել, ընտանիքում են խնդիրներ առաջացնում, բարեկամների, ընկերների մեջ։
- Ընտրություններից առաջ համայնքների խոշորացումը մտահոգություններ առաջացնո՞ւմ է։
- Այն համայնքներում, որտեղ իշխանությունը հաղթելու շանսեր չունի, մեծ ռեսուրսներ չունի, փորձում է կողքի գյուղական համայնքները բերել-կպցնել։ Հիմա Վանաձորին են կպցնում Փամբակ համայնքը։ Վանաձորը մեծ քաղաք է, փոխանակ քաղաքային մշակույթը, ենթակառուցվածքները զարգացնեն, բերում են մի գյուղական համայնք, որն ունի այլ առանձնահատկություններ` գյուղի զարգացման։ Լոռվա մարզում բազմաթիվ գյուղական համայնքներ կան, հիմա Արարատն ու Վեդին են խոշորացնում․ երբ 2 քաղաքներ կան, անընդունելի է այդ երկու մեծ համայնքները միավորելը, երբ մի քանի տասնյակ կիլոմետրեր մարդիկ կտրում են, որ իրենց գյուղից գան կենտրոն։ Այս ամենը երբ անում են ընտրություններից 1-2 ամիս առաջ, պարզ է, որ նպատակն ընտրական է, որեւիցե տնտեսական կամ ենթակառուցվածքային տրամաբանություն չկա: Լավ է, որ Չարբախը չեն միավորել Վանաձորի հետ, գոնե իրար կպած համայնքներ են միավորել։ Բայց մի օր եթե տեսնեն, որ չի ստացվում, կարող է իրարից հեռու մի մարզի մեկ համայնք մեկ այլ մարզի մեկ այլ համայնքի հետ միավորեն՝ սրանցից ամեն ինչ սպասելի է։
- Ընտրություններին ընդառաջ, ճնշումների սաստկացում սպասո՞ւմ եք։
- Հայաստանում քաղաքական դաշտն այնպիսին է, որ ամեն պահի պիտի պատրաստ լինես, որ թիմակիցներիդ հետ խնդիր կլինի, կարող են որեւէ մեկին ձերբակալել, աշխատանքից ազատել։ Այդ ամեն ինչի միջով անցել ենք, ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այդ գործընթացներն ավելի անընդունելի ու ապօրինի են լինելու, բայց այլ ճանապարհ չկա։ Մեզ համար պարզ է իշխանության վարքագիծը, մենք ընտրությունների եւ քաղաքական պայքարի ենք գնում` ճանաչելով այս իշխանությանը եւ նրա գործիքակազմը: Ամենեւին պատրանքներ չունենք, որ այս իշխանությունը ժողովրդավարական գեղեցիկ ընտրություններ է անցկացնելու։