Կանոնադրություն

Տպել

 

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(Նոր խմբագրություն)

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  (այսուհետ՝ նաև Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

2. Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ։

3. Կուսակցության անվանումն է՝ 

հայերեն՝ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հապավումը՝ ԱԵԿ,

ռուսերեն՝  ПАРТИЯ «СТРАНА ДЛЯ ЖИЗНИ», հապավումը՝ ПСДЖ,

անգլերեն` «COUNTRY TO LIVE» PARTY, հապավումը՝ CTLP:

4.Կուսակցությունն ունի իր խնդիրներն ու նպատակներն արտացոլող ծրագիր (այսուհետ՝ նաև Կուսակցության ծրագիր), որից ելնելով ու որի հաշվառմամբ էլ՝ իրականացնում է իր գործունեությունը։

5․ Կուսակցությունն ունի խորհրդանշան, որի նկարագրությունը և պատկերները ներկայացված են սույն կանոնադրության անբաժանելի մասը հանդիսացող հավելվածում։

6․ Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ ք․ Երևան, 0047, Նորքի 1-ին նրբանցք, տուն 30/2, հեռ․ +37494492258, էլ.փոստ՝ info@apreluyerkir.am։

 

2․  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

7․ Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական:

8. Կուսակցության հիմնադիրներ և անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

9. Կուսակցության հիմնադիրները Կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են Կուսակցության անդամներ և չեն կարող միաժամանակ լինել այլ կուսակցության հիմնադիր կամ անդամ:

10.  Կուսակցությանն անդամակցության պայմաններն են՝

11. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու՝ Կուսակցության նախագահին ուղղված դիմումի հիման վրա` Կուսակցության Քաղաքական խորհրդի կողմից սահմանված կարգով և վերջինիս որոշմամբ։

12. Կուսակցությանն անդամությունը դադարում է՝

  1. Կուսակցության անդամի դիմումի հիման վրա՝ վերջինիս անդամությունը դադարեցնելու մասին Կուսակցության Քաղաքական խորհրդի որոշման կայացման պահից, 
  2. Կուսակցությունից հեռացվելու դեպքում՝ այդ մասին Կուսակցության Քաղաքական խորհրդի որոշման կայացման պահից, 
  3. Կուսակցության լուծարման դեպքում,
  4. Կուսակցության անդամի մահվան դեպքում։

 

3․ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

13Կուսակցության անդամներն իրավունք ունեն՝

  1. ընտրելու և ընտրվելու Կուսակցության ղեկավար և վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև նրա կառուցվաքային և տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ Ստորաբաժանումներ) մարմիններում,
  2. ներկա լինելու Կուսակցության Համաժողովի նիստերին, 
  3. ծանոթանալու Կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,
  4. տեղեկատվություն ստանալու Կուսակցության, նրա ղեկավար մարմինների, ինչպես նաև Ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ,
  5. ստանալու փաստաթղթերի պատճեններ` Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, 
  6. ստանալու Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
  7. բողոքարկելու Կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները,
  8. կամովին դադարեցնելու իրենց անդամակցությունը։

14. Կուսակցության անդամները կարող են ունենալ այլ իրավունքներ և պարտականություններ:

15. Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կուսակցության անդամները կարող են սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` Կուսակցությունից հեռացման:

16. Կուսակցության անդամները պարտավոր են՝ 

  1. Կուսակցության անդամ լինելու ընթացքում չանդամակցել որևէ այլ կուսակցության,
  2. բարձր պահել Կուսակցության հեղինակությունն ու որևէ կերպ թույլ չտալ դրա վարկաբեկում,
  3. գործել Կուսակցության ծրագրի և սույն կանոնադրության շրջանակներում,
  4. կատարել Կուսակցության մարմինների որոշումների պահանջները,
  5. մասնակցել Կուսակցության համաժողովներին կամ մասնակցել պատվիրակների ձևավորմանը.
  6. կատարել սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ։

 

4․ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

17. Սույն կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, Կուսակցության մարմինների որոշումների պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Կուսակցության բարի անունն ու պատիվն արատավորելու, քրեական պատասխանատվություն ենթադրող արարք թույլ տալու, ինչպես նաև Քաղաքական խորհրդի կողմից հատկորոշված այլ դեպքերում Կուսակցության անդամը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, և նրա նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության հետևյալ միջոցները՝

  1. նկատողություն,
  2. խիստ նկատողություն,
  3. Կուսակցությունից հեռացում։ 

18. Կարգապահական վարույթը հարուցվում է Քաղաքական խորհրդին ուղղված՝ Կուսակցության Նախագահի կամ Վերահսկիչ հանձնաժողովի դիմում-միջնորդագրով՝ Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն ընդգրկվելով Կուսակցության Քաղաքական խորհրդի նիստի օրակարգ։ Կարգապահական վարույթը կարող է հարուցվել Կուսակցության անդամի կողմից կարգապահական պատասխանատվություն նախատեսող արարքի ենթադրյալ կատարման կամ դրա բացահայտման պահից՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ արարքի ենթադրյալ կատարման պահից անցել է 2 (երկու) տարի։ 

19. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Քաղաքական խորհրդի նիստին իրավունք ունի մասնակցելու նաև Կուսակցության այն անդամը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթը։

Վերջինս իրավունք ունի նաև հանդես գալու ելույթով, տալու բացատրություններ, բերելու հիմնավորումներ, ինչպես նաև ներկայացնելու փաստաթղթեր և/կամ այլ նյութեր։

20. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվում է Կուսակցության Քաղաքական խորհրդի կողմից կայացվող հետևյալ գրավոր որոշումներից մեկով՝

  1. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին,
  2. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվությունից ազատելու մասին։

 

5․ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

21. Կուսակցության մարմիններն են՝ Համաժողովը, Քաղաքական խորհուրդը, Վերահսկիչ հանձնաժողովը և Վարչությունը։

 

5․1 ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

 

22. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Համաժողովն է։

23. Հերթական Համաժողովը հրավիրում է Քաղաքական խորհուրդը՝ ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ, ինչի վերաբերյալ, այդ թվում՝ Համաժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի (վայրի) մասին ծանուցումն ուղարկվում է Համաժողովի մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին։ 

24. Կուսակցության նախագահը, Վերահսկիչ հանձնաժողովը, Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդը կարող են նախաձեռնել հրավիրելու նաև արտահերթ Համաժողով՝ գրավոր կարգով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, համապատասխան պահանջ ներկայացնելով Քաղաքական խորհրդին։

Քաղաքական խորհուրդը պարտավոր է իրեն ներկայացված՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջը քննարկել այն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում և հրավիրել արտահերթ Համաժողով՝ այդ մասին առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ տեղեկացնելով արտահերթ Համաժողովի մասնակիցներին։

25. Համաժողովում ընտրվում են Կուսակցության կանոնադրությամբ սահմանված՝ Համաժողովին հաշվետու մարմինները, բացառությամբ Վարչությունից։

26. Համաժողովի բացառիկ իրավասություններն են՝

  1. Կուսակցության կանոնադրության հաստատումը և Կուսակցության ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը,
  2. Կուսակցության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը (Քաղաքական խորհրդի և Վերահսկիչ հանձնաժողովի կազմավորումը (անդամների թվի սահմանումը և ընտրությունը), ինչպես նաև կազմալուծումը (լիազորությունների դադարեցումը)),
  3. Քաղաքական խորհրդի նախագահի (Կուսակցության նախագահի) ընտրությունն ու լիազորությունների դադարեցումը, 
  4. Կուսակցության վերակազմակերպումը և լուծարումը,
  5. Ազգային ժողովի հերթական ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը։

27. Համաժողովն իրավասու է քննարկել ցանկացած հարց ու որոշում կայացնել դրա վերաբերյալ, եթե տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ սույն կանոնադրությամբ վերապահված չէ Կուսակցության այլ մարմնի։

28. Համաժողովին մասնակցելու իրավունք ունի Կուսակցության ցանկացած անդամ։ 

29. Համաժողովի մասնակիցները Համաժողովին մասնակցում են ու քննարկվող հարցերի վերաբերյալ քվեարկում են անձամբ։

30. Համաժողովի որոշումները ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։

31. Կուսակցության կանոնադրությունում և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Քաղաքական խորհրդի և Վերահսկիչ հանձնաժողովի ընտրության, Քաղաքական խորհրդի նախագահի (Կուսակցության նախագահի) ընտրության, Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

32. Համաժողովի որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների և անդամների համար։

33. Համաժողովն իրավազոր է, եթե Համաժողովին ներկա է Կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ Համաժողովին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։

34. Պատվիրակների քանակը սահմանվում է կուսակցության Քաղաքական խորհրդի կողմից՝ հետևյալ համամասնությամբ․

  1. մինչև 2000 (երկու հազար) անդամ ունենալու դեպքում՝ 100 (մեկ հարյուր) պատվիրակ,
  2. 2001-ից (երկու հազար մեկից) մինչև 5000 (հինգ հազար) անդամ ունենալու դեպքում՝ 200 (երկու հարյուր) պատվիրակ,
  3. 5001 (հինգ հազար մեկ) և ավելի անդամ ունենալու դեպքում՝ 500 (հինգ հարյուր) պատվիրակ։

 

5.2 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

35. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը Քաղաքական խորհուրդն է, որն իրականացնում է Կուսակցության ընթացիկ ղեկավարումը։ 

36. Քաղաքական խորհուրդի անդամներին Կուսակցության կազմից ընտրում է Համաժողովը՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, փակ, գաղտնի քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով։ Քաղաքական խորհուրդի անդամ կարող են ընտրվել նաև Ստորաբաժանումների մարմինների անդամները՝ Քաղաքական խորհրդի կողմից որոշված քանակով։

Քաղաքական խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վերջինիս թափուր հաստիքը չի համալրվում։ Այն դեպքում, երբ Քաղաքական խորհրդի բոլոր անդամների լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Քաղաքական խորհրդի անդամները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև նոր անդամների ընտրությունը։

37. Քաղաքական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ու որոշումներ է ընդունում նիստերի միջոցով, որոնք կարող են անցկացվել նաև հեռավար կարգով՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ։ Քաղաքական խորհրդի նիստերն անցկացվում են դռնփակ, բացառությամբ Քաղաքական խորհրդի կողմից որոշված դեպքերի։ Նիստերին կարող են մասնակցել նաև Քաղաքական խորհրդի կողմից հրավիրված անձինք։

38. Քաղաքական խորհրդի հերթական նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից՝ հաստատված օրակարգով, ժամին և վայրում, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ։ Նիստի օրակարգի, օրվա, ժամի և վայրի փոփոխության դեպքում ծանուցումն ուղարկվում է Քաղաքական խորհրդի անդամների էլեկտրոնային փոստի հասցեներին նիստից առնվազն 3 (երեք) օր առաջ։ Քաղաքական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրել Քաղաքական խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ Կուսակցության առնվազն հիսուն անդամների նախաձեռնությամբ։

39. Քաղաքական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Քաղաքական խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին։

40. Քաղաքական խորհրդի նիստը վարում է Քաղաքական խորհրդի նախագահը (Կուսակցության նախագահը), իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Կուսակցության փոխնախագահներից մեկը կամ Քաղաքական խորհրդի կողմից սույն կանոնադրության 42-րդ կետով սահմանված կարգով որոշված (ընտրված) անդամը։

41. Քաղաքական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, իսկ քվեարկության արդյունքներն արտացոլվում են Քաղաքական խորհրդի նիստի արձանագրության մեջ, որը ստորագրում է Քաղաքական խորհրդի նախագահը։ Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում Քաղաքական խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։

42. Կուսակցության Քաղաքական խորհուրդը՝ 

  1. հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն. 
  2. հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը,
  3. Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
  4. փոփոխություններ է կատարում Համաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե Համաժողովի կողմից հաստատվելուց հետո ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է Կուսակցության կամքից անկախ պատճառներով,
  5. հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում Կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը oրենքով և սույն կանոնադրությամբ վերապահված չէ Համաժողովին, ինչպես նաև հերթական և արտահերթ ընտրություններում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը, 
  6. հաստատում է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին Կուսակցության ընտրական ցուցակների ձևավորման կարգը՝ դրանում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և սույն կանոնադրության պահանջների արտացոլմամբ,
  7. հաստատում է մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններում Կուսակցության թեկնածուներին, իսկ ավագանու ընտրություններում՝ Կուսակցության ընտրական ցուցակները,
  8. որոշում է կայացնում Կուսակցության անդամության և անդամությունից հեռացնելու մասին,
  9. Կուսակցության նախագահի առաջարկությամբ որոշում է կայացնում Կուսակցության փոխնախագահների, որոնց թիվը չի կարող գերազանցել 2-ը, և Կուսակցության քարտուղարի ընտրության վերաբերյալ, որոնք ընտրվում են 3 (երեք) տարի ժամկետով։ Կուսակցության փոխնախագահների թեկնածուները առաջադրվում են Քաղաքական խորհրդի կազմից,
  10. Կուսակցության նախագահի ներկայացմամբ հաստատում է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը, այդ թվում՝ Կուսակցության փոխնախագահ(ներ)ի, հաստիքները,
  11. հաստատում է Համաժողովի պատվիրակների ցուցակը,
  12. Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
  13. իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ։

43. Կուսակցության Քաղաքական խորհուրդը կարող է կազմալուծվել Համաժողովի որոշմամբ։ Կուսակցության Քաղաքական խորհուրդը պարտավոր է Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով հրավիրել Համաժողով՝ Քաղաքական խորհրդի կազմալուծման հարցով։ 

44. Կուսակցության նախագահը ընտրվում է Քաղաքական խորհրդի կազմից և Համաժողովի կողմից՝ երեք տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ Կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ նոր նախագահ դեռ չի ընտրվել, ապա Կուսակցության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նոր նախագահի ընտրությունը։

45. Կուսակցության նախագահը՝ 

  1. Կուսակցության անունից՝ առանց լիազորագրի, հանդես է գալիս այլ մարմինների ու երրորդ անձանց հետ հարաբերություններում և իր իրավասության սահմաններում ստորագրում է բոլոր անհրաժեշտ, այդ թվում՝ լիազորություններ վերապահող (հրաման, լիազորագիր և այլն) փաստաթղթերը,
  2. Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ՝ Քաղաքական խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում,
  3. նշանակումներ է կատարում Կուսակցության հաստիքներում՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություննների շրջանակում,
  4. օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը, ներառյալ՝ ֆինանսական միջոցները,
  5. Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության, ինչպես նաև փոխնախագահ(ներ)ի, հաստիքները ներառող Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը,
  6. նախագահում է Համաժողովի նիստերը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Քաղաքական խորհրդի կողմից որոշված՝ դրա անդամներից մեկը,
  7. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմում-միջնորդագիր է ներկայացնում Քաղաքական խորհրդին,
  8. կազմակերպում է Քաղաքական խորհրդի օրակարգն, ինչպես նաև նիստերն ու նախագահում է դրանք,
  9. իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ Կուսակցության այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։

46. Քաղաքական խորհրդի անդամն իրավունք ունի՝

  1. ներկայացնել առաջարկություններ Քաղաքական խորհրդի նիստում ընդգրկված, ինչպես նաև Կուսակցությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ,
  2. ծանոթանալ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի բոլոր նյութերին,
  3. առարկել Քաղաքական խորհրդի այլ անդամի գործողությունների դեմ։

47. Քաղաքական խորհրդի անդամը պարտավոր է

  1. մասնակցել Քաղաքական խորհրդի նիստերին,
  2. պահպանել նյութերի ու փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը,
  3. կատարել (պահպանել) Քաղաքական խորհրդի որոշումները։

48. Քաղաքական խորհրդի անդամներն իրենց լիազորությունների իրականացման համար չեն վարձատրվում։

49. Քաղաքական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են՝

  1. Կուսակցությանն անդամությունը դադարելիս,
  2. Քաղաքական խորհրդի անդամությունը դադարեցնելու մասին դիմումի հիման վրա։

 

5.3 ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

50. Վերահսկիչ հանձնաժողովը Կուսակցության վերահսկողությունն իրականացնող մարմինն է, որը հետևում է Կուսակցության մարմինների և անդամների կողմից ՀՀ օրենսդրության, սույն կանոնադրության, ինչպես նաև Համաժողովի կայացրած որոշումների պատշաճ կատարմանը։

51. Վերահսկիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով, և չեն կարող միաժամանակ լինել Քաղաքական խորհրդի անդամ։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վերջինիս թափուր հաստիքը չի համալրվում։ Այն դեպքում, երբ Վերահսկիչ հանձնաժողովի բոլոր անդամների լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ նոր անդամներ դեռ չեն ընտրվել, Վերահսկիչ հանձնաժողովի անդամները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև նոր անդամների ընտրությունը։

52. Վերահսկիչ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Վերահսկիչ հանձնաժողովի համակարգողը, ով ընտրվում է Վերահսկիչ հանձնաժողովի անդամների կողմից՝ վերջիններիս կազմից՝ բաց քվեարկությամբ։

53. Վերահսկիչ հանձնաժողովը սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք վարում է Վերահսկիչ հանձնաժողովի համակարգողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված (ընտրված) անդամը։

54. Վերահսկիչ հանձնաժողովի նիստերն անցկացվում են դռնփակ, բացառությամբ հանձնաժողովի կողմից որոշված դեպքերի։ Նիստերին կարող են հրավիրվել նաև հանձնաժողովի կողմից որոշված անձինք։ Վերահսկիչ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար կարգով՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ։

55. Վերահսկիչ հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Վերահսկիչ հանձնաժողովի համակարգողի կողմից՝ հաստատված օրակարգով, ժամին և վայրում, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ։ Նիստի օրակարգի, օրվա, ժամի և վայրի փոփոխության դեպքում ծանուցումն ուղարկվում է հանձաժողովի անդամների էլեկտրոնային փոստի հասցեներին նիստից առնվազն 3 (երեք) օր առաջ։ Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրել Վերահսկիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։

56. Վերահսկիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, և ուժի մեջ են մտնում ընդունման պահից։ Քվեարկության արդյունքներն արտացոլվում են Վերահսկիչ հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, որը ստորագրում է Վերահսկիչ հանձնաժողովի համակարգողը։ Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում Վերահսկիչ հանձնաժողովի համակարգողի ձայնը վճռորոշ է։

57.  Վերահսկիչ հանձնաժողովը՝

  1. իրականացնում է Կուսակցական մարմինների գործունեության ստուգումներ,
  2. Կուսակցության մարմիններից կարող է պահանջել ցանկացած բնույթի փաստաթղթեր և տեղեկություններ,
  3. կազմում է տարեկան բյուջեի կատարման մասին եզրակացություն,
  4. ներկայացնում է առաջարկություն՝ Կուսակցության մարմնի և (կամ) անդամ(ներ)ի կողմից կատարված խախտումները վերացնելու վերաբերյալ,
  5. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմում-միջնորդագիր է ներկայացնում Քաղաքական խորհրդին,
  6. իրականացնում է oրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

58.  Վերահսկիչ հանձնաժողովը կարող է կազմալուծվել Համաժողովի որոշմամբ՝ սույն կանոնադրության 29-32-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան։

 

5.4 ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

 

59.  Վարչությունը չի հանդիսանում Կուսակցության ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմին։

60. Վարչության անդամների թվաքանակը սահմանվում է Քաղաքական խորհրդի կողմից։

61. Վարչության անդամներին Կուսակցության անդամների կազմից ընտրում է Քաղաքական խորհուրդը՝ իր կողմից սահմանված ժամկետով, սույն կանոնադրության 38-39-րդ, 40-41-րդ և 42-րդ կետերով սահմանված կարգով։ Քաղաքական խորհուրդը կարող է վաղաժամկետ դադարեցնել Վարչության ցանկացած անդամի լիազորությունը։ 

62. Վարչությունն իրավազոր է, եթե ընտրված են Վարչության անդամների առնվազն 1/5-րդը։

63. Քաղաքական խորհուրդը կարող է ձևավորել Վարչությանը ենթակա մասնագիտական կամ ոլորտային հանձնաժողովներ (այսուհետ՝ մասնագիտական հանձնաժողովներ), որոնց թվաքանակը, գործունեության կանոնակարգն ու իրավասության շրջանակը սահմանում է Քաղաքական խորհուրդը։ 

64. Վարչությունը՝ 

  1. կազմակերպում է Կուսակցության ծրագրի իրագործումը (կատարումը),
  2. Քաղաքական խորհրդին առաջարկություն է ներկայացնում Կուսակցության ծրագրի փոփոխության վերաբերյալ,
  3. կազմակերպում է Կուսակցության կողմից իրականացվելիք քարոզչությունը,
  4. Կուսակցության համար կազմում ու Քաղաքական խորհրդին է ներկայացնում վերլուծություններ,
  5. իրականացնում է մասնագիտական հանձնաժողովների աշխատանքի ընդհանուր ղեկավարումը։

 

6. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

65. Ստորաբաժանումները ստեղծվում են, և դրանց գործունեությունը դադարեցվում է Քաղաքական խորհրդի որոշմամբ։ Ընդ որում, Կուսակցության տարածքային ստորաբաժանումները (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանումներ) ստեղծվում են ըստ տարածքային հատկանիշի՝ (համայնք, բնակավայր կամ վարչական շրջան)։ Կուսակցությունը կարող է ունենալ նաև կառուցվածքային ստորաբաժանումներ։

66. Տարածքային ստորաբաժանումների մարմիններն են Ժողովը, Խորհուրդը և Կոմիտեն։

67. Տարածքային ստորաբաժանման բարձրագույն ղեկավար մարմինը Ժողովն է, որը ձևավորվում է Տարածքային ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամներից։

68. Ժողովի գործունեության, այդ թվում՝ Ժողովի (նաև արտահերթ) հրավիրման, անցկացման, Ժողովի նիստերի մասին Ժողովի մասնակիցների տեղեկացման, Ժողովում որոշումների ընդունման կարգը սահմանվում է Քաղաքական խորհրդի կողմից։

69. Ժողովի բացառիկ լիազորություններն են՝

  1. Տարածքային ստորաբաժանման ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը (Խորհրդի և Կոմիտեի կազմավորումը (նրանց անդամների՝ Քաղաքական խորհրդի կողմից սահմանված ժամկետով ընտրությունը), 
  2. Տարածքային ստորաբաժանման ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմալուծումը (լիազորությունների դադարեցումը)՝ Քաղաքական խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան,
  3. Խորհրդի նախագահի և Կոմիտեի համակարգողի ընտրությունն ու լիազորությունների դադարեցումը, 
  4. Համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակների թեկնածուների ընտրությունը,
  5. օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Քաղաքական խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացումը։

70. Տարածքային ստորաբաժանման մշտապես գործող ղեկավար մարմինը Խորհուրդն է, որն իրականացնում է Տարածքային ստորաբաժանման ընթացիկ ղեկավարումը։ 

71. Խորհուրդի անդամներին ընտրում է Ժողովը՝ Տարածքային ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամների կազմից, Քաղաքական խորհրդի կողմից որոշված ժամկետով։ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վերջինիս թափուր հաստիքը չի համալրվում։ Այն դեպքում, երբ Խորհրդի բոլոր անդամների լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Խորհրդի անդամները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև նոր անդամների ընտրությունը։

72. Խորհրդի գործունեության, այդ թվում՝ Խորհրդի նիստերի (նաև արտահերթ) հրավիրման, անցկացման, Խորհրդի նիստերի մասին Խորհրդի մասնակիցների տեղեկացման, Խորհրդի որոշումների ընդունման կարգը սահմանվում է Քաղաքական խորհրդի կողմից։

73. Խորհուրդը՝ 

  1. Քաղաքական խորհրդի կողմից որոշված դեպքերում, կարգով և վերապահված լիազորությունների շրջանակներում՝ Կուսակցության անունից, կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ,
  2. Իր կազմից Ժողովի հաստատմանն է ներկայացնում Խորհրդի նախագահի թեկնածուին,
  3. Քաղաքական խորհրդի քննարկմանն է ներկայացնում Կուսակցության անդամության, ինչպես նաև Տարածքային ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամի անդամության դադարեցման վերաբերյալ դիմումներ,
  4. Քաղաքական խորհրդին է ներկայացնում ընտրական ցուցակների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ,
  5. Ընդունում է որոշումներ Տարածքային ստորաբաժանմանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք վերապահված են Կուսակցության մարմինների կամ Ժողովի իրավասությանը։

74. Խորհրդի նախագահը՝

  1. Խորհրդի անունից հանդես է գալիս Կուսակցության այլ մարմինների հետ հարաբերություններում,
  2. Ստորագրում է Խորհրդի կողմից կազմված համապատասխան փաստաթղթերը, 
  3. օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Քաղաքական խորհրդի կողմից սահմանված կարգով կառավարում է Տարածքային ստորաբաժանմանն ամրակցված (հատկացված) Կուսակցության գույքը, ներառյալ՝ ֆինանսական միջոցները,
  4. կազմակերպում է Խորհրդի օրակարգը, հրավիրում ու նախագահում է Խորհրդի նիստերը,
  5. Տարածքային ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմում-միջնորդագիր է ներկայացնում Քաղաքական խորհրդին,
  6. իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Քաղաքական խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ։

75․ Կոմիտեն Տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմինն է, որը հետևում է Տարածքային ստորաբաժանման մարմինների և Տարածքային ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամների կողմից ՀՀ օրենսդրության, սույն կանոնադրության, ինչպես նաև Կուսակցության ղեկավար մարմինների կայացրած որոշումների պատշաճ կատարմանը։

76․ Կոմիտեի անդամներն ընտրվում են Ժողովի կողմից՝ Տարածքային ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամների կազմից, Քաղաքական խորհրդի կողմից որոշված ժամկետով, և չեն կարող միաժամանակ լինել Խորհրդի անդամ։ Կոմիետի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վերջինիս թափուր հաստիքը չի համալրվում։ Այն դեպքում, երբ Կոմիտեի բոլոր անդամների լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ նոր անդամներ դեռ չեն ընտրվել, Կոմիտեի անդամները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև նոր անդամների ընտրությունը։

77․ Կոմիտեի աշխատանքները ղեկավարում է Կոմիտեի համակարգողը, ով ընտրվում է Կոմիտեի անդամների կողմից՝ վերջիններիս կազմից՝ բաց քվեարկությամբ։

78․ Կոմիտեի գործունեության, այդ թվում՝ Կոմիտեի նիստերի (նաև արտահերթ) հրավիրման, անցկացման, Կոմիտեի նիստերի մասին Կոմիտեի անդամների և այլ անձանց տեղեկացման, Կոմիտեի որոշումների ընդունման կարգը սահմանվում է Քաղաքական խորհրդի կողմից։

79․Կոմիտեն՝

  1. Իր կազմից Ժողովի հաստատմանն է ներկայացնում Կոմիտեի համակարգողի թեկնածուին,
  2. իրականացնում է Ստորաբաժանման մարմինների գործունեության ստուգումներ,
  3. Ստորաբաժանման մարմիններից կարող է պահանջել ցանկացած բնույթի փաստաթղթեր և տեղեկություններ,
  4. կազմում է Ստորաբաժանման մասով տարեկան բյուջեի կատարման մասին եզրակացություն,
  5. ներկայացնում է առաջարկություն՝ Ստորաբաժանման մարմնի և (կամ) Ստորաբաժանումում հաշվառված՝ Կուսակցության անդամ(ներ)ի կողմից կատարված խախտումները վերացնելու վերաբերյալ,
  6. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով Քաղաքական խորհրդին դիմում-միջնորդագիր ներկայացնելու համար առաջարկություն է ներկայացնում Խորհրդի նախագահին,
  7. իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Քաղաքական խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ։

 

7.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

80․ Կուսակցության ծրագրով սահմանված նպատակների իրականացման ու խնդիրների լուծման համար Կուսակցությունը սեփականության կամ գույքային այլ իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք։

81․Կուսակցության գույքը գոյանում է՝ 

  1. օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից,
  2. օրենքով նախատեսված նվիրատվություններից,
  3. օրենքով սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից։ 

82․ Կուսակցության անդամը չի կարող սեփականության իրավունք ունենալ Կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ։

83․ Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ 

84․ Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ Կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում Կուսակցության պարտավորությունների համար։

85․ Կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորված բանկերում։

 

8.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

86․ Սույն կանոնադրությունում, ինչպես նաև Կուսակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Համաժողովի կողմից՝ Քաղաքական խորհրդի ներկայացմամբ՝ սույն կանոնադրության 25-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ կետերի պահանջներին համապատասխան։

87․ Սույն կանոնադրության, ինչպես նաև Կուսակցության ծրագրում փոփոխությունների և լրացումների նախագիծը կազմվում և հաստատվում է Քաղաքական խորհրդի կողմից, որից հետո միայն համապատասխան նախագիծը կարող է ներկայացվել Համաժողովի հաստատմանը (ընդունմանը)։