ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ
Կուսակցության ռազմավարական ծրագիր
Հայ ժողովուրդն արժանի է իր պատմական հողում անվտանգ, ապահով և երջանիկ կյանքով ապրելուն` արդար հասարակության և ընտանիքի ու մարդու բարեկեցության մասին իր պատկերացումներին համապատասխան։
«Ապրելու երկիր» կուսակցությունը նոր ուժ է, որը միավորում է հոգատար և գործունյա հայության ջանքերը հանուն ուժեղ, անվտանգ, ժամանակակից ապրելու երկիր կառուցելու, որը հարմարավետ է ոչ միայն առանձին ընտրյալ քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, այլև Հայաստանի ամբողջ ժողովրդի, ինչպես նաև այն հայրենակիցների համար, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի զարգացման գործում։
Մեր ցանկությունը ոչ միայն նոր կուսակցություն ստեղծելն է և հաղթանակի հասնելն ազնիվ պայքարում, այլև նոր սկզբունքներով, նոր մոտեցումներով իրականացնել հայոց պետականության «վերագործարկումը» նոր մարդկանցով՝ նվիրյալների և պրոֆեսիոնալների թիմով։
Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկիրն «ուժեղների» միջև լինի հավասար դիրքերում։ Մենք կստեղծենք նոր Հայաստան՝ ժամանակակից տեխնոլոգիական պետություն՝ ապագայի տեսլականով, համայն հայությանը համախմբող ազգային գաղափարով, առաջադեմ տնտեսությամբ, հզոր բանակով, զարգացած ժողովրդավարությամբ, համաշխարհային լավագույն օրինակներին համապատասխանող մակարդակի կրթությամբ և առողջապահությամբ, կյանքի համար հարմարավետ միջավայրով։
Մենք կարող ենք և պարտավոր ենք պահպանել Հայաստանի և հայ ազգի ժողովրդագրական, տնտեսական և գաղափարական կայունությունն աշխարհակարգի տեկտոնիկ փոփոխությունների և գլոբալ նոր մարտահրավերների համատեքստում։
Ինչպե՞ս ենք դա անելու։ Մենք հավատում ենք, որ հաջողության գաղտնիքը հետևողականորեն և անքակտելիորեն մի քանի պարզ սկզբունքներին հետևելու մեջ է՝
- Մեծ գաղափար կամ Առաքելություն ՝ ինչի համար ենք մենք դա անում։
- Հստակ ձևակերպված ռազմավարական երկարաժամկետ նպատակներ։
- Դրանց հասնելու մանրամասն ծրագիր, որը ներառում է կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներ։
- Գիտելիքը, փորձը, հմտությունները, արժանիքներն ու ձեռքբերումները՝ նեպոտիզմի փոխարեն՝ երկրի կառավարման գործընթացում՝ մասնագետների ներգրավում (մերիտոկրատիայի (արժանիների իշխանություն) սկզբունք):
- Կոռուպցիայի դեմ իրական, այլ ոչ թե՝ ցուցադրական պայքար։ Մարդկանց կարծիքն իրականում հաշվի առնելը, ոչ թե՝ դրա իմիտացիա։
- Աշխարհի լավագույնների ներգրավումը. աշխարհում լավագույն երկիր ստեղծելու համար անհրաժեշտ են աշխարհի լավագույն մասնագետները։
- Աշխատանք հանուն չափելի արդյունքի, ոչ թե քաղաքական վարկանիշի կամ սոցցանցերում «լայքերի» համար:
Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի «հայկական հրաշք» ստեղծենք և կառուցենք մի երկիր, որով հպարտանան բոլոր հայերը։ Պետք է միայն ճիշտ գործադրել մեր ջանքերը։
Մեր ծրագրի հիմնական կետերը․
1․ ՀՈՒՍԱԼԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՍԱԼԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ = ՍԵՓԱԿԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ + ԻՄԱՍՏՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ + ՈՒԺԵՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ + ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ + ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔ
Պատերազմը կանխելու համար պետք է լավ պատրաստվել դրան։
Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության հաստատումը երկրի զարգացման կարևորագույն նպատակ է։ Մենք պարտավոր ենք նվազագույնի հասցնել ցանկացած արտաքին ռազմական ագրեսիայի հավանականությունը։ Թշնամին պետք է իմանա, որ մեր տան շեմին նրան կդիմավորի ուժեղ, լավ պատրաստված, շարժունակ և մարտունակ, գերժամանակակից զենքով զինված հայկական բանակը: Նման զինված ուժեր կառուցելու համար մենք պետք է իրականացնենք մի շարք լայնածավալ միջոցառումներ, ներառյալ՝ մեր սեփական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը որպես տնտեսության առանձին ճյուղ, որն իր ռեսուրսների հիման վրա կապահովի գիտական զարգացում և առաջնային նշանակության զինատեսակների արտադրություն, պաշտպանական բնույթի ժամանակակից ռազմատեխնիկական համակարգերի ստեղծում։
Այս հավակնոտ խնդիրը լուծելու և երկրի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն ՝ ոչ միայն որպես սպառազինման բյուջեի աղբյուր, այլև որպես ռազմարդյունաբերական համալիրի համար նոր տեխնոլոգիաների և լուծումների մատակարար։ Բանակը պետական կառուցվածքի նոր մոդելի մեջ կլինի ոչ միայն ռեսուրսներ սպառող, այլև տնտեսության զարգացման ևս մեկ գործոն, որը կերաշխավորի Հայաստանում ներդրումների անվտանգությունը: Ներդրումներն ավելի շատ կհոսեն, եթե դրանք պաշտպանված լինեն։ Տնտեսությունը կաջակցի բանակին, բանակը ՝ տնտեսությանը։ Դրանք երկուստեք փոխլրացնող ոլորտներ են։
Մենք բարեփոխելու ենք բանակը։ Այդ գործընթացը պետք է ներառի այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ ռազմական ստորաբաժանումներում պայմանագրային մասնագիտական ծառայության անցնելը, արտաքին հետախուզության ստեղծումը, հրամանատարական կազմի պատրաստման, զորքերի կառավարման և գործողությունների վարման նոր ստանդարտների ներդրումը, մարտական պատրաստության համակարգի վերակազմակերպումը, զինծառայողների և նրանց ընտանիքների աջակցության սոցիալ-տնտեսական համալիր միջոցառումները: Կարևորագույն պետական և հասարակական ինստիտուտը՝ Հայաստանի բանակը, պետք է դառնա ժողովրդական, ոչ միայն տառով, այլև ոգով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերում ծառայությունը պետք է մարդկանց մոտ հարգանք և հպարտություն առաջացնի։ Դրա համար մենք կիրականացնենք բանակին հանրային լայն աջակցության ծրագիր՝ սկսած կամավորական և կրթական աշխատանքից մինչև քաղաքացիական ծառայության զինվորական զորակոչ և բուհ ընդունվելիս զինվորականներին արտոնություններ տրամադրելը։
Արդեն հազարամյակներ է՝ մենք ապրում ենք շրջապատված այնպիսի հարևաններով, որոնք ոչ միշտ են մեր հադեպ բարեկամաբար տրամադրված։ Ուստի ժողովրդի կողմից բանակին աջակցելու ևս մեկ գործոն և մեր ռազմավարական անվտանգության երաշխիքը կարող է դառնալ երկրում համընդհանուր զինվորական պատրաստության փուլային ներդրումը։ Յուրաքանչյուր գործունակ տղամարդ և կին պետք է կարողանա ձեռքում ինքնաձիգ պահել և ցուցաբերել առաջին օգնություն։ Թշնամին պետք է իմանա, որ ցանկացած հայ ընտանիք պատրաստ է հմտորեն պաշտպանել իր տունը, և ագրեսիայի դեպքում նրան սպասում է հակահարված ոչ միայն մասնագիտական բանակի, այլև մի քանի միլիոն հայրենասեր և բարձր մոտիվացված զինված բնակիչների՝ երկրի ակտիվ քաղաքացիների կողմից: Կանանց պետք է հնարավորություն տալ տղամարդկանց հավասար ծառայել ՀՀ զինված ուժերում, եթե նրանք դրա համար ունեն ցանկություն և անհրաժեշտ հմտություններ։ Անշուշտ, նման ծրագրի իրականացումը կպահանջի հասարակական կարծիքի ուսումնասիրություն և բացատրական ու հանրային իրազեկման լրջագույն աշխատանք:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և արտաքին քաղաքականության առավելագույն անկախությունն անդրդվելի են։ Մոտ հարևանների հետ բարիդրացիական և արժանապատիվ հարաբերությունների հաստատումը պետք է տարածաշրջանային խաղաղության երաշխիք լինի։ Հայաստանը պետք է հանդես գա որպես արժանապատիվ և հուսալի գործընկեր առաջատար համաշխարհային տերությունների հետ հարաբերություններում։
Արտաքին քաղաքական ուրվագծում անվտանգությանը սատարող և աշխարհում «հայկական օրակարգը» արդյունավետորեն առաջ մղող ուժ պետք է դառնա «Խելացի դիվանագիտությունը»։ Մեր ժամանակների դաժան ցնցումներից ու բախումներից հաղթանակած դուրս գալու համար անհրաժեշտ են լինելու լավագույն դիվանագիտական ուղեղները, հայ ժողովրդի ողջ իմաստությունն ու բանակցելու կարողությունը՝ առանց իր շահերից ոչ մի քայլ նահանջելու։ Առաջինը, որ մենք կանենք, սուպեր-դեսպանների կուղարկենք Հայաստանի համար գերկարևոր ուղղություններով՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի երկրներ, բարեկամ և դաշնակից երկրներ՝ կախված Հայաստանի ազգային-պետական գերակա շահերից։ Այնուհետև, հաշվի առնելով Հայաստանի շահերը և գնահատելով բոլոր ռիսկերը, կսկսենք նախապատրաստվել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը:
Արցախի հիմնահարցը պետք է հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների թիվ մեկ օրակարգը՝ որպես մնացած խնդիրների կարգավորման հնարավորություն։ Դա դժվար ճանապարհ է, որտեղ մենք բոլորս պետք է պատասխանենք շատ բարդ հարցերի, բայց մենք դա կանենք հանուն մեր երկրի և մեր երեխաների կյանքի։
Ժամանակակից պրոֆեսիոնալ բանակ՝ հիմնված մեր սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ հզոր տնտեսությամբ և ռազմական գործին տիրապետող մարդկանց լայն աջակցությամբ, գումարած «խելացի դիվանագիտություն», որը պաշտպանում է Հայաստանի շահերը արտաքին քաղաքականության ռազմավարական բոլոր ուղղություններով. սա է մեր բանաձևը երկրի հուսալի անվտանգության համար։
2․ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ
ԱԶԱՏ ԱՐՑԱԽ = ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԸ՝ ՀԵՆԱՐԱՆ + ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ + ԻՄԱՍՏՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ + ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Արցախի ժողովրդին` ինքնորոշման իրավունք
Արցախը հայոց պետականության անքակտելի մասն է։ Առանց Արցախի վտանգնված է Հայաստանի պետականությունը։ Մենք իրավունք չունենք Արցախի ճակատագրի պատասխանատվությունը բարդել այլոց վրա։ Հենց Հայաստանը պետք է դառնա Արցախի ինքնորոշման և արցախցիների ՝ սեփական հողում ապրելու իրավունքի գլխավոր երաշխավորը։ Սա ճշմարտության մեր պահն է՝ քննություն՝ ուղղված մեր քաղաքական հասունությունն ու պետական կայունությունը փորձելու։
Ուստի «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռականորեն և հետևողականորեն հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային անվերապահ ճանաչմանը։ Մենք դա կանենք Հայաստանի ուժեղ բանակի, միջազգային երաշխիքների և իմաստուն դիվանագիտության հենքով։ Արցախի շուրջ հակամարտության բանակցային կարգավորումն ու նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորը։ Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում պետք է լինի առաջին տեղում ՝ որպես մնացած բոլոր խնդիրների կարգավորման հնարավորություն։
Մենք Արցախը վերադարձնելու ենք Հայաստանի պետական ռազմավարական շահերի դաշտ՝ ստեղծելով միասնական քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային միջավայր։ Ազատ Արցախը, որպես Մեծ Հայկական աշխարհի մաս, մեր նպատակն է, և մենք դրան հասնելու ենք։ Մենք զոհ չենք, մենք հաղթանակ կերտած ժողովուրդ ենք։
3․ ԶԱՐԳԱՑԱԾ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ = ԳԻՏԱՀԵՆՔ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ+ ԲԻԶՆԵՍ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ + ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ + ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՈՐՊԵՍ ՃՅՈՒՂ + ԲԱՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ + ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ = 20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱ-ի ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄ 5 ԱՆԳԱՄ
Հայաստանը՝ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով առաջին 30 երկրների ցանկում
Ապագայի Հայաստանը` հզոր տնտեսությամբ և զարգացած ենթակառուցվածքներով, ազատ բիզնեսով և արդյունաբերության նորարարական ճյուղերով, բարձր որակավորում ունեցող կադրերով, ընթացակարգերով և արդյունավետ կառավարմամբ երկիր է։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր հիմնական տնտեսական նպատակն է համարում 20 տարում Հայաստանի ՀՆԱ-ի հնգապատկումը և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով աշխարհի 30 երկրների ցանկում հայտնվելը։ Նման հավակնոտ ցուցանիշներին հասնելու համար, հատկապես հաշվի առնելով երկրում տիրող ներկա իրավիճակը, անհրաժեշտ է վերանայել տնտեսական քաղաքականության նկատմամբ ավանդական մոտեցումները: Մեզ անհրաժեշտ են համարձակ, բայց մանրակրկիտ մշակված լուծումներ, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանի հնարավորինս շատ բնակիչներ կարողանան իրենց աշխատանքով ստեղծել ավելացված արժեք և տնտեսությունն առաջ մղել։ «Ապրելու երկիր» կուսակցության նոր տնտեսական գաղափարների մշակման հիմքում փոքր տնտեսությունների հաջող փորձն է և հաշվի առնելով գլոբալ միտումները՝ Հայաստանի տնտեսության առանցքային մրցակցային հատվածների վրա հիմնվելը:
Երկրի կայուն տնտեսական աճը կարող է ապահովել երեք լծակների կիրառմամբ.
- Արտահանման մասնաբաժնի ավելացում ներմուծման նկատմամբ և երկիրը ապրանքների և ծառայությունների զուտ արտահանողի վերածում.
- Աշխատանքի արտադրողականության բարձրացում (հիմնվելով մարդկային կապիտալի վրա)․
- Զգալի ներդրումների ներգրավում (առաջին հերթին' ենթակառուցվածքներում)․
Հաշվի առնելով բոլոր հնարավորություններն ու ռիսկերը՝ մենք սահմանել ենք տնտեսության առաջնահերթ ոլորտներ, որոնք բուռն աճի ներուժ ունեն և այդ թվում սիներգիայի միջոցով կարող են դուրս բերել Հայաստանը վերջին տարիների լճացած վիճակից։ Դրանք են՝ տեխնոլոգիական ոլորտը, ռազմարդյունաբերական համալիրը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը։
Տեխնոլոգիական ոլորտը կարող է քառապատիկ աճ ապահովել արտահանման, աշխատանքի արտադրողականության և որակյալ կադրերի ներհոսքի ավելացման հաշվին: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում կախված է առաջին հերթին այնպիսի գործոններից, ինչպիսիք են․ ա) խորը վերլուծության վրա հիմնված լուծումների մշակումը՝ առկա իրավասությունների օգտագործման համար, և բ) ցածր ծախսային աութսորսինգից անցումը մասնագիտացված ծառայությունների և բարձր ավելացված արժեքով լուծումների: Դա թույլ կտա ոչ միայն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, այլև կպաշտպանի տեղական շուկան համաշխարհային ընկերությունների էքսպանսիայից։ Մենք պետք է ստեղծենք տեղական կադրային ռեզերվի ձևավորման պայմաններ և տաղանդավոր մասնագետների խթանման համակարգ։ Պետք է լինեն հարմարավետ ենթակառուցվածքներ Երևանում և այլ բնակավայրերում աշխատելու և ապրելու համար, բացվեն Ստարտափ կենտրոններ և ապահովվի վենչուրային կապիտալներին հասանելիություն ՏՏ ձեռներեցների համար։ Մենք կհասնենք գիտահետազոտական, գիտաարդյունաբերական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համար պետական ծախսերի ավելացմանը, բարձր տեխնոլոգիաների որակյալ կրթության համար ներդրումների ավելացմանը և ենթակառուցվածքների, նյութական խթանների և օրենսդրական լուծումների միջոցով օտարերկրյա մասնագետների ներգրավմանը:
Տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմքը պետք է դառնա ազգային գիտությունը։ Հայաստանը համաշխարհային ինովացիոն կենտրոն էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներում և այսօր երկրում կան ռեսուրսներ որակյալ կադրերի վերստեղծման, ինստիտուտների և լաբորատորիաների բացման համար, որոնց շնորհիվ կստեղծվեն հաջող աքսելերատորներ և ստարտափներ գիտության, բիզնեսի և հանրային շահերի խաչմերուկում։ Մենք պայմաններ կստեղծենք մեր ժողովրդի գիտական և մտավոր ներուժի իրացման համար՝ ի շահ մեր երկրի։
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի տնտեսության առանձին հատված և դրա տնտեսական աճի նոր լոկոմոտիվը։ Այն խթանում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող կադրերի հոսքը, աշխատատեղերի աճը և տնտեսության նոր ուղղությունների զարգացումը, այլև սպառազինությունների, տեխնոլոգիաների և երկակի նշանակության արտադրանքի ներմուծումը, որոնք երկրի համար կենսական նշանակություն են ստանում աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով ներմուծման հնարավոր սահմանափակման կամ դադարեցման պայմաններում։
Հայաստանի զբոսաշրջային ոլորտը մեծ պոտենցիալ ունեցող, բայց առայժմ թույլ զարգացած ոլորտներից մեկն է։ Այն կարող է տասնյակ անգամ ավելի շատ եկամուտ բերել, քան հիմա։ Մենք կհասնենք այդ աճին՝ կենտրոնանալով ուղիղ չվերթների ավելացման և տոմսերի գների մատչելիության, առանձին տարածաշրջաններում և երկրներում գովազդային և PR- արշավների գործարկման, Հայաստանի ճանապարհատրանսպորտային և հյուրանոցային ենթակառուցվածքի զարգացման վրա: Մոտ հարևանների դեպքում (ինչպիսիք են Վրաստանն ու Թուրքիան) եղած բարձր մրցակցության պայմաններում մեզ անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտի զարգացման որակապես նոր ռազմավարություն։ Այն պետք է հիմնված լինի ներդրումների, կառավարման և մասնագետների պատրաստման ոլորտում համաշխարհային հաջող փորձի օգտագործման վրա։ Մատչելի գները, հարմարավետ զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումը և արդյունավետ լոգիստիկան, մշակութային, արկածային, կրոնական, էկո և ագրոզբոսաշրջության ծրագրերի զարգացումը զբոսաշրջության ոլորտի հաջող զարգացման գրավականն են: Հայոց հինավուրց պատմությունը և մշակութային ժառանգությունը հնարավորություն են տալիս մշակել մեգա նախագիծ, որը կարող է քրիստոնեության օրրան բերել աշխարհի տարբեր երկրներից ժամանած միլիոնավոր ուխտավորների։ Այդպիսի նախագծերի համար դաշտ կա։ Անհրաժեշտ են գաղափարներ, գրագետ մարքեթինգ և մասնավոր-պետություն ֆինանսական աջակցություն և երկխոսություն։ Բայց գլխավորը, որ անհրաժեշտ է բոլոր փոփոխությունների համար, քաղաքական կամքն է։ Եվ դա մենք ունենք։
Տնտեսության առաջնահերթ ոլորտները խթանելուց բացի, «Ապրելու երկիր» կուսակցությունը Հայաստանի համար կենսական է համարում ազատ ձեռնարկատիրության քաղաքականության վարումը։ Մասնավոր նախաձեռնությունը անհրաժեշտ պայման է և երկրի տնտեսական աճի կարևորագույն շարժիչ ուժերից մեկը։ Փոքր բիզնեսի համար իրական արտոնությունները, բիզնես վարելու ռեժիմի առավելագույն պարզեցումը և էժան վարկերի հասանելիությունը, բնակչության համար գործարար գրագիտության ազգային ծրագրի հետ միասին, կարող են տնտեսության մեջ ներգրավել տասնյակ հազարավոր փոքր ձեռներեցների: Տնտեսությունը պետք է դառնա յուրաքանչյուր սուբյեկտի զարգացման միջավայր, իսկ պետության և մասնավոր հատվածի կայուն և արդյունավետ համագործակցությունը՝ զարգացման կարևորագույն գործիք։
Հայաստանը ներդրումների երկիր է։ Համաշխարհային շուկաների գլոբալ վերաբաշխման ֆոնին Հայաստանը գրավիչ հանգրվան է դառնում ոչ միայն բիզնեսի, ստեղծագործ տնտեսության և ՏՏ ոլորտի, այլ նաև խոշոր միջազգային ներդրումների համար։ Մենք աջակցելու ենք ներդրողներին և ստեղծելու ենք ամենաբարենպաստ պայմաններ, որպեսզի գումարները հոսեն երկրի տնտեսություն։ Մենք անխնա արմատախիլ կանենք Հայաստանում ներդրումային նախագծերի զարգացմանը խոչընդոտող կոռուպցիոն և բյուրոկրատական բոլոր խոչընդոտները, կմշակենք և կներդնենք առավելագույնս բարենպաստ պայմաններ նոր ընկերությունների և միջազգային ներգրավածությամբ նախագծերի համար։ Երկրի յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր «Տաթևի Թևերը»՝ սեփական թռիչքի համար ։
Երկրի հզոր տնտեսության ստեղծման համար անհրաժեշտ պայման է մնում բաց տրանսպորտային հաղորդակցություն ունենալը։ Միայն գաղափարների, մասնագետների, կապիտալների, զբոսաշրջիկների, բեռների և տեխնոլոգիաների ազատ տեղաշարժը կարող է ապահովել Հայաստանի շարունակական տնտեսական աճը։
Երկրի երկարաժամկետ կայուն աճը հնարավոր է միայն երեք ուժերի ՝ պետության, սփյուռքի և բիզնեսի միավորման հաշվին։
Միավորելով այս բոլոր բաղադրիչները՝ մենք կարող ենք Հայաստանում ստեղծել ապրելու համար հզոր զարգացած տնտեսություն։
Գյուղատնտեսական ոլորտ․ Երկրի գյուղատնտեսությունն արտադրության հինգ անգամ աճի ներուժ ունի, և մենք գիտենք, թե ինչպես հասնել դրան: Դա հողերի առավել արդյունավետ օգտագործումն է ռեկուլտիվացիայի հաշվին, բերքատվության բարձրացումը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման, սերմերի արտադրության մեջ՝ նորարարությունների կիրառման գյուղատնտեսական տեխնոլոգիաների միջոցով։ Պետք է կենտրոնանալ պարենային անվտանգության համար անհրաժեշտ ապրանքների արտադրության վրա.
ընդլայնել մրգերի, ծխախոտի և գինեգործական արտադրանքի արտահանումը թիրախային երկրներ (Ռուսաստան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և այլն)։ Անհրաժեշտ է ստեղծել գյուղատնտեսական կենտրոնների ՝ ֆերմերներին աջակցելու և ժամանակակից գյուղատնտեսական մեթոդներ ուսուցանելու համար, ամբողջ երկրում ներդնել ոռոգման համակարգեր՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը:
4․ ԵՐԿԻՐԸ՝ ԿԱՄՈՒՐՋ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՓԱԿՈՒՂԻ
ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ = «ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔ» ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԱԽԱԳԻԾ + 50 000 ՄԱՍՆԱԳԵՏ ՍՓՅՈՒՌՔԻՑ + 100 000 ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ + ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԼԵԶՈՒ + 10 000 ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ ՈՒ ՓԱՌԱՏՈՆՆԵՐ + ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ՝ ՀԱԲԵՐ (ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ, ՏՏ ԵՎ ԱՅԼՆ):
Հայաստանը՝ Սուրբ թարգմանչի հայրենիք։
Մենք հավատում ենք, որ աշխարհում ընթացող վերաձևումները Հայաստանին եզակի հնարավորություն է տալիս փոխել ճակատագիրն ու քվանտային թռիչք կատարել՝ զարգացած համաշխարհային տերությունների շարքում իր արժանի տեղը զբաղեցնելու համար։ Երկրին բուռն աճ ապահովելու համար մենք պետք է Հայաստանը բացենք աշխարհի առջև, այն դարձնենք նոր միջազգային հանգույց (հաբ), կամուրջ քաղաքակրթությունների միջև։ Մարդկության պատմությունը նման օրինակներ ունի։ Հայերն ունեն իրենց ուրույն մրցակցային առավելությունները, որոնք օգտագործելով մենք կարող ենք կառուցել մեր «հայկական տնտեսական հրաշքը» ։
• Երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքն Արևելքի և Արևմուտքի շահերի, ավանդույթների և կրոնների խաչմերուկում:
• Թարգմանիչների պատմական տաղանդ, որի շնորհիվ հայերը հազարամյակներ շարունակ հաջողությամբ առևտուր էին անում և բանակցում ողջ աշխարհի հետ:
• Վերջապես, նոր Հայաստանի ամենաարժեքավոր և մինչ օրս փաստացի չպահանջված ռեսուրսը մարդկային կապիտալն է՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Մեր հարստությունը մեր Սփյուռքն է։ Այն կարող է նոր խթան դառնալ Հայաստանի տնտեսական, գիտական և կրթական վերելքի համար, համակարգված կերպով օգնել համաշխարհային հարթակում մեր ազգային շահերի առաջմղմանը՝ որպես անփոխարինելի հնարավորությունների անսպառ աղբյուր։ Մենք պետք է դադարենք Սփյուռքին վերաբերվել որպես առանձին նախագծեր ֆինանսավորող հարուստ արտասահմանյան բարեկամի։ Տարիներ շարունակ Սփյուռքից օգնություն ստանալու պասիվ քաղաքականությունը պետք է վերածվի ակտիվ, նախաձեռնողական համագործակցության։ Սակայն Սփյուռքը չպետք է վերածվի «ազգային արժեքների թանգարանի», այն պետք է առավել զգալի ներգրավվի ապագայի կառուցման գործում, այլ ոչ թե պատմական անցյալում մեր հաղթանակների ու անհաջողությունների հաշվառումներ կատարի։ Սփյուռքի ներկայացուցիչները, բացի հայրենասիրական մղումներից, պետք է ունենան Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցելու իրական և կայուն իրավունքներ։
Մենք իրականացնելու ենք հայրենադարձության հստակ և հավասարակշռված քաղաքականություն՝ երկիր բերելու հայ մասնագետներին և նրանց ընտանիքներին ամբողջ աշխարհից։ Սա, անկասկած, իր ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության զարգացման և Սփյուռքի հետ կապերի ամրապնդման վրա։
Մենք բարենպաստ պայմաններ կստեղծենք 50 000 բարձրակարգ մասնագետ կառավարիչների (մենեջերներ, ֆինանսիստներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ՏՏ մասնագետներ և այլն) և նրանց ընտանիքների այլ երկրներից Հայաստան տեղափոխվելու համար։ 100 000 հայ մասնագետների կուղարկենք արտասահման սովորելու: Հայրենադարձների հետ միասին նրանք ամբողջ աշխարհից Հայաստան կբերեն գիտելիքներ, փորձ և հմտություններ, որոնք կդառնան տնտեսության վերելքի ինտելեկտուալ շարժիչ ուժը։ Մենք կներդնենք գործավարության երեք լեզու, ինչը կարագացնի գործընթացը պետական մարմիններում և ձեռնարկություններում՝ պարզեցնելով բոլոր մակարդակներում ցանկացած հարցերի շուրջ համաձայնեցնելու և որոշումներ կայացնելու ընթացակարգերը:
Հանգույցի՝ հաբի հայեցակարգը թույլ է տալիս Հայաստանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական և գիտատեխնոլոգիական գոտի։ Որպես ԵԱՏՄ անդամ՝ մի կողմից, և որպես ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած երկիր՝ մյուս կողմից, Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ տարածք, որտեղ կկազմակերպվի սարքավորումների և տեխնոլոգիաների արտադրություն, որոնք անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների տնտեսության արդիականացման համար։ Տեխնոլոգիական հաբի հիմքը կարող է լինել երբեմնի հզոր գիտական ժառանգությունը և բարձր պատրաստվածություն ունեցող հայ մասնագետների ռեսուրսը։ Ազատ տնտեսական և գիտատեխնոլոգիական գոտու ի հայտ գալը կնվազեցնի գործազրկությունը և աշխատանքային միգրացիան՝ ստեղծելով բեկումնային զարգացման նոր տարածք։
Հայաստանն ունի նաև բոլոր հնարավորությունները երկրի տարածքում միջազգային կրթական հաբ դառնալու համար։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների սեկտորը Հայաստանի բուհերի հետ միասին կարող է մուտք գործել առաջատար միջազգային քոլեջների և համալսարանների մասնաճյուղեր, որոնց համար անհրաժեշտ է ստեղծել գրավիչ պայմաններ: Դա երկրի համար նոր իմիջ կձևավորի և կներգրավի տարբեր երկրների տաղանդավոր երիտասարդների՝ սահմանափակ տեղաշարժի և հեղինակավոր կրթության հասանելիության պահանջարկի մեծացման պայմաններում: UWC Դիլիջանի միջազգային քոլեջի օրինակը հաստատում է նման քաղաքականության իրատեսական լինելը։ Մենք կկարողանանք ընդլայնել առաջավոր փորձը՝ դրա համար ստեղծելով քաղաքական, տնտեսական և իրավական պայմաններ։
Հայաստանը պետք է դառնա միջազգային գիտաժողովների, սիմպոզիումների և փառատոների մշտական անցկացման վայր։ Դա թույլ կտա երկիր բերել լավագույն փորձագետներին՝ ամենաառաջատար (գիտության, տեխնոլոգիաների, կրթության, բժշկության, բիզնեսի և այլն) ոլորտների։
Մարդկային կապիտալի և մեր մրցակցային առավելություններն օգտագործելով, հիմնվելով Սփյուռքի և հայրենադարձության ոլորտում նպատակային քաղաքականության վրա՝ մենք կկարողանանք Հայաստանը վերածել նոր միջքաղաքակրթական կենտրոն։
5․ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ RESTART
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ = ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ + ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ + ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ + ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆ + ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ + ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ + ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆ (ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ)
Ժողովրդի՛ն ծառայող կոմպակտ և պրոֆեսիոնալ պետություն
Ապրելու երկիր կառուցելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր արդյունավետ պետական կառավարման համակարգ։ Սակայն պարզ ինստիտուցիոնալ փոփոխությունները, իշխանության մարմինների անվանափոխությունները և Սահմանադրության փոփոխությունները դրա համար բավարար չեն։ Ելնելով այն հանգամանքից, որ հայոց պետականության կառուցման նախկին փորձերն անհաջող էին՝ հիմնականում արևմտաեվրոպական մոդելների մեխանիկական գործարկման կամ Խորհրդային ունիվերսալիստական նախագծի իրականացման փորձի պատճառով, մենք առաջարկում ենք հայոց պետականության համակարգային և համապարփակ վերագործարկում, որը ենթադրում է պետական և ազգային արժեքների առաջնահերթություն։ Որպես հիմք՝ նման պետությունը հենվում է հայ ընտանիքի և համայնքի մշակութային ավանդույթների և սոցիալական կապերի վրա։ «Ընտանիք-համայնք-պետություն»-ը ինքնության հատուկ բանաձև է, որը պետք է օգտագործվի պետական կառավարման վերագործարկման ժամանակ։ Գերագույն իշխանության և որոշումների կայացման համակարգը չպետք է տարանջատվի հասարակ մարդկանց իրական աշխարհից, հայ ընտանիքների նպատակներից, արժեքներից և կարիքներից։
Մրցակցային աշխարհաքաղաքական պայքարում գոյատևելու և կուտակված ներքին խնդիրները հաղթահարելու համար պետությունը պետք է լինի ուժեղ և խելացի։ Պետական մարմիններում աշխատանքը պետք է հիմնված լինի պրոֆեսիոնալիզմի և հմտությունների, այլ ոչ թե ազգակցական կապերի վրա: Պետական մարմինների բարեփոխման հիմքում պետք է ընկած լինեն մերիտոկրատիայի և արժանապատիվ վարձատրության սկզբունքները։ Պաշտոնյաների մասնագիտական պիտանելիության գնահատման համար մենք կմշակենք արդյունավետության առանցքային ցուցանիշների համակարգ (KPI), որպեսզի սկզբունքորեն բացառենք իշխանության կառուցվածքում ոչ կոմպետենտ մարդկանց հայտնվելը։ Պետական ծառայողների ամենամյա ատեստավորումը և մշտական ուսուցումը կապահովեն նրանց մասնագիտական զարգացումը: Պետական լեզվի՝ հայոց լեզվի գերակայությամբ, երեք աշխատանքային լեզուների ներդրումը թույլ կտա կառավարման ոլորտում ներգրավել աշխարհի լավագույն մասնագետներին։
Իշխանության իրավական և դատական ճյուղերի վերագործարկումը պետք է դառնա պետական մարմիններում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի երաշխիք։ Միայն դատավորների իրական անկախության հասնելով, դատավորների պաշտոններում նշանակման համակարգը, ինչպես նաև նրանց առաջխաղացման պայմանները փոխելով և թափանցիկ դարձնելով կարելի է երկրում փոփոխությունների հույս ունենալ։ Կոռումպացված պաշտոնյայի գործով որոշում կայացնելիս դատավորը չպետք է վախենա, որ դրա պատճառով նա կարող է փողոցում հայտնվել անպիտանի պիտակով։
Ամբողջ պետական մեքենայի թվային վերափոխումն առաջնային խնդիրներից մեկն է, որը կլուծի մեր կուսակցությունը։ Էլեկտրոնային կառավարումը և փաստաթղթաշրջանառությունը պետք է նվազագույնի հասցնեն քաղաքացիների շփումը պետական համակարգի հետ։ Էլեկտրոնային կառավարման և նորագույն տեխնոլոգիաների սկզբունքների ներդրումն էապես կփոխի բյուրոկրատական մեխանիզմները, պաշտոնյաների գործունեությունը կդարձնի թափանցիկ, իսկ արդյունքները՝ չափելի։ Մարդիկ հնարավորություն կունենան պետությունից արագ հետադարձ կապ ստանալ իրենց հարցումներին ու ժամանակ չծախսել ստորացուցիչ ձևով երկար հերթերում կանգնած մնալու վրա: Այս փոփոխությունները ոչ միայն կհեշտացնեն Հայաստանի քաղաքացիների համար կենսական խնդիրների լուծումը, այլև կբարձրացնեն հարգանքը և վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
6․ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ <<ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ>> -ԿՐԹՈՒԹՅՈՒՆ – ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ = ՆՈՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ + ՆՈՐ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ + ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ + ՆՈՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ + ՆՈՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՕԴ, ՋՈՒՐ, ՍՆՈՒՆԴ)
Հայաստան․ ապրելու լավագույն երկիր՝ մարդկային կյանքի լավագույն որակ։
Հայաստանի անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրի և սահմանափակ բնական ռեսուրսների պայմաններում մարդկային կապիտալի զարգացումը, որպես ազգային հարստության մաս և 21-րդ դարում տնտեսական աճի հիմնական գործոն, ոչ միայն առաջնահերթություն է, այլև բարեկեցիկ ապագա ունենալու միակ հնարավորությունը։
Դա իրատեսական է միայն ողջ Հայաստանում կյանքի որակի արմատական բարելավման դեպքում՝ կրթության, բժշկության համակարգերի, ընդհանուր կենսամիջավայրի բարեփոխման, քաղաքներում և գյուղերում որակապես նոր ենթակառուցվածքների ստեղծման, մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման, շրջակա միջավայրի՝ օդի, ջրի և սննդամթերքի մշտադիտարկման և վերահսկման նոր մոտեցումների ներդրման միջոցով։
Կրթությունը երկրի ապագան է։ Այն, թե երկիրն ինչ ուղղությամբ կընթանա 15-20 տարի հետո, կախված է ներկայում մեր երեխաների ստացած գիտելիքներից։ Հենց կրթության ոլորտում պետք է իրականացվեն առաջնահերթ բարեփոխումներ, քանի որ նույնիսկ համակարգի արմատական փոփոխությունների դեպքում փաստացի արդյունքները տեսանելի կլինեն տարիներ անց․ այդ արդյունքներից է կախված կյանքի մնացած բոլոր ոլորտների ու տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունը։
Կրթական համակարգի բարեփոխումը, սկսած նախադպրոցականից, պետք է հիմնված լինի միջազգային լավագույն չափանիշների վրա։ Առաջնահերթ միջոցառումներից են.
-Ուսուցչական անձնակազմի և դպրոցի ղեկավարության պրոֆեսիոնալիզմի բարձրացում՝ շարունակական ուսուցման ծրագրերի որակի բարելավման ու նյութական և ոչ նյութական խրախուսման համակարգերի ներդրման միջոցով;
-Տաղանդավոր երեխաների և մանկավարժների նորարարական փորձի կենտրոնների ստեղծում;
-Թվային ուսուցման նոր գործիքների և ձևաչափերի ներդրում ամբողջ երկրում՝ ամենահեռավոր համայնքների երեխաներին գիտելիքները հասանելի դարձնելու նպատակով;
-Համաշխարհային միտումներին և շուկայի ապագա կարիքներին դրանց համապատասխանության համար հնացած ուսումնական ծրագրերի գույքագրում;
-Կրթական չափորոշիչների վերանայման նպատակով փորձագետների ներգրավում՝ հաշվի առնելով տեսական և մասնագիտացված գիտելիքների ծավալների օպտիմալ հարաբերակցությունը։
Դպրոցական կրթությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին դպրոցականների սոցիալականացմանը, ազգային-քաղաքացիական ինքնության ձևավորմանը և քաղաքացիական դաստիարակությանը: Դա թույլ կտա առավելագույնս իրացնել յուրաքանչյուր երեխայի ներուժը և կօգնի նրան հետագայում հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը։
Բարձրագույն կրթության ոլորտում մենք կգնանք բուհերում դասավանդման որակի արմատական բարելավման, դասախոսական կազմի կարողությունների ուժեղացման և արտասահմանյան մասնագետների ներգրավման ճանապարհով։ Սոցիալական վիճակը չպետք է լինի խոչընդոտ բարձրագույն կրթություն ստանալու համար։
Օրենսդրական մակարդակով կստեղծենք մասնավոր կրթական հաստատությունների աճի համար անհրաժեշտ պետական-մասնավոր գործընկերության հստակ նորմատիվային բազա։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների բարեփոխման գործընթացում ուղենիշներ են դառնալու հայաստանյան բուհերի ներկայությունը համաշխարհային հեղինակավոր կրթական վարկանիշային ցուցակների վերին հորիզոնականներում և կրթական ծառայությունների արտահանման ավելացումը՝ ավելի մեծ թվով օտարերկրյա ուսանողների ներգրավման հաշվին: Այս խնդրի լուծման գործիքը լինելու են Հայաստանի առաջատար բուհերի ռեկտորների պաշտոնների համար աշխարհահռչակ գիտնականների շրջանում միջազգային մրցույթները, հոգաբարձուների խորհուրդների ստեղծումը և տարբեր ֆակուլտետների դեկանների պաշտոններում ականավոր գիտնականների հրավիրումը։
Մենք պայքարելու ենք միջազգային ասպարեզում Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ ներդրումներ կատարելով տաղանդավոր երիտասարդների համար շուկայում ամենապահանջված մասնագիտություններով անվճար, մատչելի կրթության մեջ՝ շեշտը դնելով ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառման վրա։ Դա հնարավորություն կտա տեսանելի հորիզոնում ստեղծել երիտասարդ մասնագետների ռեզերվ, որը կարող է վերացնել աճող տնտեսության մեջ կադրերի պակասը։
Ապրելու համար որակյալ կրթությունը մեր կուսակցության առանցքային առաջնահերթություններից է։
Առողջապահության ոլորտում գրագետ պետական քաղաքականությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանում կյանքի տևողության ավելացման, աշխատանքի արտադրողականության և մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Առողջապահության ոլորտի ռազմավարական նախաձեռնությունների շարքում մեր կուսակցությունը տեսնում է նոր տեխնոլոգիաների ներդրումը, առաջնային բուժօգնության որակի և մատչելիության բարելավումը, բժշկական ծառայությունների արժեքի նվազեցումը։
Հայաստանում կյանքի նոր որակն անհնար է առանց մատչելի, որակյալ և տեխնոլոգիապես առաջադեմ բժշկության, որը հիմնված է առողջապահական համակարգերի բարեփոխման ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման վրա։ Հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ ենք համարում առաջին հերթին կենտրոնանալ առողջ ապրելակերպի քարոզչության վրա, բժշկական զննման և պատվաստումների ծառայությունների քանակի ավելացման, լաբորատոր և կլինիկական հետազոտական ցանցերի զարգացման վրա: Հեռավար բժշկությունը պետք է դառնա ախտորոշման հիմնական գործիք Հայաստանի ամենահեռավոր շրջանների բնակիչներին օպերատիվ առաջնային օգնություն ցուցաբերելու համար: Մարզերը Երևանի հետ հավասարաչափ պետք է ապահովվեն բժիշկներով և բուժքույրերով, հիվանդանոցային մահճակալներով և շտապօգնության թիմերով։
Հանրապետության բուժհաստատությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ժամանակակից սարքավորումներով, ապագա բժիշկները պետք է ստանան առաջնակարգ կրթություն, իսկ հիվանդանոցներն ու բուժկենտրոնները հասանելի լինեն քաղաքների և գյուղերի բնակիչների համար։ Մենք կվերանայենք բժշկության ֆինանսավորման գործող խթաններն ու մոդելները, ինչպես նաև առողջապահության պետական աջակցության համակարգը, որպեսզի բժշկություն ստեղծենք ապրելու, այլ ոչ թե գոյատևման համար:
Փոփոխությունները երկրում սկսվում են շքամուտքից, բակից։ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրում բնակվելու համար միջավայրի բարելավումը՝ սկսած մայրաքաղաքից, առաջնահերթություն կդառնա բոլոր համայնքապետարանների համար։
Բարեկարգ բակեր և թաղամասեր, հարմարավետ հրապարակներ, պուրակներ ու զբոսայգիներ, ժամանակակից մանկական և սպորտային հարթակները․ այս ամենը պետք է դառնա ապրելու երկրի մի մասը։ Մենք կնախաձեռնենք Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնման Հանրապետական ծրագիր, որպեսզի յուրաքանչյուր, ամենահեռավոր գյուղում լինի որակյալ ճանապարհային ծածկույթ և մայթեր, որոնցով կարող են հաճույքով զբոսնել սայլակներով մայրիկները, հաշմանդամություն ունեցող անձիք, տարեց մարդիկ։ Մենք պայմաններ կստեղծենք ներդրողների համար նոր ժամանակակից ավտոբուսներով մայրաքաղաքի և մարզերի ավտոբուսային պարկերը թարմացնելու համար, որոնք, ուղևորահոսքերի կազմակերպման ժամանակակից համակարգերի ներդրման շնորհիվ, երթևեկելու են ըստ գրաֆիկի, այլ ոչ թե ինչպես պատահի: Ի լրումն արդիականացված տրանսպորտային համակարգի, մենք ներդնելու ենք ճոպանուղային ցանց՝ էկոլոգիապես մաքուր, մատչելի և ենթակառուցվածքաստեղծ համակարգով։
Մենք ապահովելու ենք շրջակա միջավայրի մոնիտորինգի և վերահսկման նորագույն համակարգերի ներդրումը և կիրականացնենք սննդամթերքի անվտանգության և ջրի մաքրման համակարգերի առկա ստանդարտների մանրակրկիտ վերլուծություն: Օդի, ջրի և մթերքի որակը պետք է դառնա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի և նրա հյուրերի առողջության և երկարակեցության անվերապահ երաշխիքը:
Հետինդուստրիալ առաջադեմ հասարակության և նորարար տնտեսության ստեղծումն անհնար է առանց գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման: Հայաստանին անհրաժեշտ են այս ոլորտներից յուրաքանչյուրում ազգային առաջնահերթությունների ծրագրեր՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը յուրաքանչյուր անհատի բազմակողմանի զարգացման և նրա ներուժի վրա։ Կուսակցական ծրագրի ևս մեկ առանցքային առաջնահերթություն է Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման և որակի բարձրացման համար պայմանների ստեղծումը՝ որպես 21-րդ դարում ազգի և երկրի հիմնական մրցակցային առավելություններից մեկը։
Հայաստանին անհրաժեշտ են ազգային առաջնահերթությունների ծրագրեր այդ ուղղություններից յուրաքանչյուրի համար՝ հաշվի առնելով նրանց ազդեցությունը յուրաքանչյուր անհատի ու նրա ներուժի բազմաբովանդակ զարգացման վրա։ 21-րդ դարում Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման և որակի բարձրացման համար պայմանների ստեղծումը, որպես ազգի և երկրի հիմնական մրցակցային առավելություններից մեկը, «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի ևս մեկ առանցքային գերակայությունն է։
7․ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանն արդար հասարակություն է մարդկանց համար.
Ապրելու երկրում պետական ապարատը պարտավոր է առանցքային դեր խաղալ սոցիալական անհավասարության գործոնների վերացման, հասարակության բոլոր շերտերի համար սոցիալական արդարության ապահովման և անձի բարեկեցության պայմանների ստեղծման գործում՝ հիմնված հավասար հնարավորությունների, սկզբունքների, հարստության արդարացի բաշխման և հատուկ կարիքներով մարդկանց նկատմամբ հանրային պատասխանատվության վրա:
Հարուստների և աղքատների միջև աճող անջրպետը, երիտասարդների համար սոցիալական վերելակների անհասանելիությունը, կանանց գենդերային անհավասարությունը, հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում, մարդկանց տարբեր խմբերի անհավասարությունը օրենքի առջև և պետության հետ հարաբերություններում, հավասար սոցիալական իրավունքների և քաղաքացիների պաշտպանվածության բացակայությունը հանգեցնում է հասարակության մեջ սոցիալական սուր լարվածության կուտակման և հանդիսանում է ազգային անվտանգությանն սպառնացող գործոն: Հաշվի առնելով այս սպառնալիքը և հայ հասարակության մեջ սոցիալական արդարության հրատապ պահանջը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն անհրաժեշտ է համարում իր ծրագրում առանձնացնել հետևյալ առաջնահերթությունները.
- Բնակչության տարբեր խմբերի միջև առկա տնտեսական և սոցիալական անհավասարությունը նվազեցնելու նպատակով մշակել երկրի տնտեսական աճի ապահովման նոր ինտեգրված մոտեցումներ՝ առաջին հերթին աղքատության դեմ պայքարի միջոցով, ինչը հնարավորություն կտա հնարավորինս շատ մարդկանց մասնակցել երկրի տնտեսական աճի ձևավորմանը և իրենց ընտանիքների բարեկեցության բարելավմանը:
- Իրականացնել պետական քաղաքականության խորքային վերլուծություն և բարեփոխում, որպեսզի նվազագույնի հասցվեն հասարակության մեջ սոցիալական անհավասարության աճի վրա ազդող գործոնները: Մշակել միջոցառումների համալիր, որոնք թույլ կտան Հայաստանի բոլոր բնակիչներին, անկախ սոցիալական կարգավիճակից և բնակության վայրից, ունենալ հավասար հնարավորություններ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և մասնագիտական առաջխաղացման համար, բիզնես բացելիս, որակյալ բժշկական օգնություն ստանալիս, պետության հետ խնդիրներ առաջանալիս, և դատարանում՝ իրենց շահերը պաշտպանելու ժամանակ: Սոցիալական վերելակները պետք է առաջին հերթին հասանելի լինեն երիտասարդ, նպատակասլաց և տաղանդավոր մարդկանց, ովքեր ձգտում են փոխել աշխարհը դեպի լավը, ունեն ներուժ և ունակություններ, կարողանում են որոշումներ կայացնել և չեն վախենում պատասխանատվություն ստանձնել։ Նման մարդիկ կարող են պատասխանատվություն ստանձնել նաեւ երկրի ապագայի համար։ Հայաստանի մտածող և համառ երիտասարդությունը պետք է հնարավորություն ունենա ինքնադրսևորվելու հայրենի երկրում և ակտիվ մասնակցելու փոփոխությունների գործընթացներին։
- Ընդլայնել Հայաստանի կանանց իրավունքները, այդ թվում գյուղական շրջաններում, որպեսզի նրանք ավելի շատ հնարավորություն ունենան կրթություն ստանալու, բիզնես կառուցելու, գումար վաստակելու և տղամարդկանց հետ երկրի կառավարմանը մասնակցելու համար: Հասարակության սոցիալ-տնտեսական զարգացմանը կանանց ավելի արդյունավետ ներգրավումը հզոր ռեսուրս է Հայաստանի տնտեսական աճի համար։ Սիրո և հարգանքի վրա կառուցված ընտանիքի արժեքների պահպանման և երկրի սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում կանանց ներգրավվածության պայմանների ստեղծման միջև ներդաշնակ հավասարակշռությունը կնպաստի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը և տեղական համայնքների և ընդհանուր առմամբ երկրի ավելի բարձր կայունության ձեռքբերմանը:
Մենք՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, կարծում ենք, որ Հայաստանում սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է վերջին տարիներին իշխանությունների վարած պոպուլիզմի (կամ ամբոխահաճության) և հռչակագրերի քաղաքականությունից անցնել վճռական գործողությունների։ Դրանց թվում են՝ իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում տաղանդավոր երիտասարդների ներկայացուցչության ապահովումը, գյուղական երիտասարդության՝ որոշակի մասնագիտություններով բուհ ընդունվելու համար քվոտաների ներդրումը և բուհ ընդունվելիս աղջիկների հավասար հնարավորության երաշխավորումը, այդ թվում՝ ռազմական, երիտասարդ մայրերի պաշտպանությունը խտրականությունից՝ մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք ստանալու հարցում, սոցիալական արտոնություններ տրամադրել ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին՝ ներառականություն և մատչելիություն ապահովելու նպատակով։
Այս և այլ միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանում սոցիալական անհավասարության գործոնների վերացմանը և նպաստում են կյանքի համար արդար հասարակության կառուցմանը` «Ապրելու երկիր» կուսակցության կարևորագույն առաջնահերթությունն են։
8․ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ապրել օրենքներով, այլ ոչ թե պատկերացումներով
Հայաստանը պետք է դառնա իրավական պետություն, որտեղ կյանքի կարգուկանոնը պահպանվում է Օրենքի գերակայության, այլ ոչ թե «պատկերացումների կոդեքսով»։ Անհնար է արմատախիլ անել կոռուպցիան և անօրինականությունը իշխանության բոլոր մակարդակներում՝ առանց զարգացած քաղաքացիական ինստիտուտների, ազատ լրատվամիջոցների, արդյունավետ ուժային կառույցների և անկախ դատաիրավական համակարգի։ Բայց դա էլ բավարար չէ։ Մենք անհաշտ պայքար կհայտարարենք կոռուպցիայի և անօրինականության դեմ՝ հիմնվելով համակարգային մոտեցման, պետական ապարատի գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման և նրա գործունեության թափանցիկության բարձրացման, հասարակական գիտակցության հետ աշխատանքի և սովորությունների, կարծրատիպերի և վերաբերմունքի վերացման վրա, որոնք հավանություն են տալիս օրենքը շրջանցելու սովորույթին։
Ընդ որում, օրենքը պետք է կիրառվի ոչ թե ընտրողաբար՝ վերնախավի շահերից ելնելով, այլ հավասարապես բոլոր քաղաքացիների համար։ Հայաստանում յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ օրենքն ու արդար դատը կպաշտպանեն իր իրավունքները նույնիսկ անհավասար վեճում։ Միայն այսպես, գործելով համակարգային և հետևողականորեն, մենք կարող ենք ազատվել ոչ իրավահավասար պետություններում գոյության բազմադարյա ժառանգությունից, որը մեր հասարակության մեջ արմատավորել է վտանգավոր երկիմաստություն՝ ապրելու սովորություն ոչ թե Սահմանադրությամբ և գործող օրենքներով, այլ չգրված կանոններով։
Ելնելով օրենքի գերակայության դոկտրինից, որը սահմանում է կյանքի բոլոր ոլորտներում քաղաքացիների անձնական անվտանգության հարցերի լուծման մոտեցումները, մենք վճռական պայքար կհայտարարենք կազմակերպված հանցավորության դեմ, մասնավորապես՝ թմրամիջոցների և դրանց շրջանառության դեմ։ Հարյուր հազարավոր մարդկանց կյանքն ու երկրի տնտեսությունը ոչնչացնող կրիմինալը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է։
Աղքատության դեմ պայքարը «Ապրելու երկիր» կուսակցության համար միայն տնտեսական աճի և սոցիալական արդարության գործոն չէ։ Աղքատությունը հաղթահարելով և արժանապատիվ կենսամակարդակ ապահովելով Հայաստանի բնակիչների համար՝ մենք կտրուկ կնվազեցնենք կամ կոչնչացնենք պարարտ հողը հանցավոր գործունեության բոլոր տեսակների համար՝ կենցաղային և տնտեսական։ Իրավական պետության ամրապնդման համալիր միջոցառումների արդյունքում մենք կկարողանանք ստեղծել մի ապրելու երկիր, որտեղ մարդիկ չեն վախենում իշխանավորների կամայականություններից և հավատում են Օրենքին և Արդարադատությանը։
9․ ԱՇԽԱՏԱՆՔ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Նոր աշխատատեղեր ու ինքնաիրացման հնարավորություններ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պետք է հնարավորություն ունենա իրացնել իր կարողություններն ու տաղանդները, արդյունավետ աշխատել և գումար վաստակել ի շահ ընտանիքի, համայնքի և ողջ երկրի։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր խնդիրն է համարում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պայմանների ստեղծումը, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի առաջացմանը եւ քաղաքում ու գյուղում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:
Գործազրկության դեմ պայքարի համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ՝ սոցիալական նպաստների վճարումից, զբաղվածության ծառայությունների համակարգի կատարելագործումից և աշխատաշուկայի տեղեկատվական ապահովումից մինչև փոքր բիզնեսի պետական աջակցություն և վերաորակավորման ծրագրերի ակտիվ առաջխաղացում, մասնագիտական որակավորման բարձրացում շուկայի կարիքների համար:
Մենք կստեղծենք լրացուցիչ կրթության, մասնագիտական և անձնական աճի, առաջնորդության և ձեռնարկատիրական հմտությունների վերապատրաստման կենտրոններ ողջ Հայաստանում։ Դա հնարավորություն կտա բոլոր տարիքային խմբերի մարդկանց սովորել և ստանալ շուկայի կողմից պահանջված մասնագիտական հմտություններ՝ կյանքի տևողության ավելացման և ակտիվ կենսագործունեության ապահովման պայմաններում։ Բիզնեսի և պետության աջակցությամբ ստեղծված ստարտափների ինկուբատորներն ու աքսելերատորները երիտասարդ ձեռներեցներին թույլ կտան ներդրումներ գտնել և դրամաշնորհներ ստանալ շուկայի կողմից պահանջված հեռանկարային նախագծերի համար:
Գյուղացիների համար մենք կբացենք առցանց դպրոցներ և փորձագետների դաշտային դասընթացներ, որոնք տեղում սովորեցնում են ֆերմերային եւ ընտանեկան բիզնեսի վարման լավագույն փորձը: Երկրի գյուղական շրջաններում փոքր բիզնեսի աջակցության պետական ծրագիրը, որը ներառում է օրենսդրական բարենպաստ պայմանների ձևավորումը, նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ներդրումը, արտոնյալ վարկավորումը, իրացման շուկաների հասանելիությունը և ֆերմերային արտադրանքի մրցունակության ապահովումը, գյուղական համայնքների բնակիչներին կօգնեն ոչ միայն կերակրել ընտանիքը, այլեւ դառնալ երկրի տնտեսական աճի էական գործոն:
10․ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ՝ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ = ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ (ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ) ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ + ՍԵՓԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ + ՀԱՐԳԱՆՔ ՈՒՍՈՒՑՉԻ, ԲԺՇԿԻ, ԶԻՆՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ + ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ + ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ + ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ + ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԻ ՎԵՐԱՑՈՒՄ + ԹԻՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանն արժանավոր մարդկանց երկիր է։ Հայաստան՝ հպարտությամբ և արժանապատվությամբ։
Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու ուժեղ, կարող երկիր, որը կպահպանի և կբազմապատկի իր ավանդական արժեքները՝ հենվելով հազարամյակների փառավոր անցյալի և ապագայի հստակ տեսլականի վրա։ Գլոբալ քաղաքակրթական մարտահրավերների և ռիսկերի պայմաններում մենք պետք է պաշտպանենք մեր համաքրիստոնեական և հայկական հիմնարար արժեքները և միաժամանակ զերծ պահենք ազգին կոնսերվացումից և կարծրացումից։ Հայկական մեծ երազանքի հիմքում ընկած են մեր հավատն ու եկեղեցին, լեզուն ու մշակույթը, ընտանիքի ինստիտուտն ու գենոֆոնդը, պետականությունն ու տարածքները։
«Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ քայլերից մեկը՝ ուղղված ազգային ավանդական արժեքների ամրապնդմանը, կլինի հայոց լեզվի և մշակույթի աջակցության և զարգացման հիմնադրամի ստեղծումը։ Յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր մայրենի լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է դառնանք ռուսերեն, եվրոպական և արևելյան լեզուներին տիրապետող բազմալեզու ազգ, որպեսզի շուկաների համար մրցակցային պայքարում առավելություններ ունենանք մեր հարևանների նկատմամբ։
Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է ազգային համայնքների բարոյական հենասյունը, գիտելիքի շտեմարանն ու աղբյուրը, լուսավորության և կրթության օջախը, դարեր շարունակ մնալով, երբեմն՝ միակ կայուն ինստիտուտը, որի վրա կարող էր հենվել ազգը իր զարգացման ընթացքում: Եկեղեցին աջակցել է, որ հայությունը չձուլվի, և այսօր այն նախկինի պես պետք է մնա ազգային համախմբման հոգևոր կենտրոն։
Մենք պետք է Հայաստանում վերականգնենք հարգանքը կրթվածության, մտավորականության, աշխատանքի ու պրոֆեսիոնալիզմի հանդեպ։ Այսօրվա հայ հասարակությանը անհրաժեշտ են հստակ բարոյական կողմնորոշիչներ։ Երիտասարդների համար օրինակ պետք է լինի կիրթ և արարող մարդը։ Մենք պետք է արմատախիլ անենք ուրիշի կարծիքի հանդեպ ագրեսիան և անհանդուրժողականությունը, վերջին տասնամյակներում հանրային և քաղաքական դաշտում տարածված կիսաքրեական առնականության և լկտիութան մթնոլորտը, երբ ցանկացած շփում հանգում է շրջապատի աչքերում սեփական գերազանցության հաստատմանը, այլ ոչ թե երկխոսություն հաստատելու և խնդիրների համատեղ լուծումներ գտնելու փորձերին:
Անհրաժեշտ է վերաիմաստավորել ընտանիքի դերն ու տեղը ժամանակակից աշխարհում, ներդաշնակ հավասարակշռություն գտնել ընտանիքի և պետության, տղամարդու և կնոջ միջև՝ երեխաների դաստիարակության և ընտանիքի ապահովման գործում։ Մայրության և մանկության պաշտպանությունը, յուրաքանչյուր երեխայի նկատմամբ հոգատարությունը՝ որպես ազգի գենոֆոնդի մի մասնիկ, և ժողովրդագրական քաղաքականությունը՝ ուղղված երկրի բնակչության թվի ավելացմանը, մնում են մեր կուսակցության պետական քաղաքականության կարևորագույն մասը։
Մենք պետք է ազատվենք «զոհի» բարդույթից, փոխենք մեր ինքնաընկալումը և վերականգնենք ազգային արժանապատվության զգացումը։ Մենք ունենք մեծ անցյալ, որով իրավամբ պետք է հպարտանալ, բայց մեզ անհրաժեշտ են ինքնության նոր խորհրդանիշներ, որոնք կխրախուսեն Հայաստանում և ամբողջ աշխարհում ապրող հայերին մերձենալ, կստիպեն նրանց ասոցացվել նոր Հայաստանի հետ, որն ընտրել է նախաձեռնողի դեր: ժամանակակից աշխարհում հայրենի հողի հանդեպ սիրո և այն կորցնելու վախի հետ մեկտեղ հայերի համար հզոր խթանիչ գործոն պետք է լինի առողջ նպատակադրումները, հպարտությունը իրենց ձեռքբերումներով, իրենց երեխաների, իրենց քաղաքի, երկրի ու ազգի հաջողությունները. այն ամենը, ինչը կարող է հարգանք ներշնչել շրջապատին:
Հայ հասարակության առավել ակտիվ հատվածը պետք է ստանձնի հավաքական պատասխանատվություն Հայաստանի ապագայի և երկրի կառավարմանը մասնակցելու համար։ Թիմային մշակույթը կդառնա ազգի միասնությունն ու նրա արժեքները ամրապնդող գործոններից մեկը։ Մենք պատրաստ ենք քաղաքական և տնտեսական պայմաններ ստեղծել բարեփոխումների գործընթացին ամբողջ հայկական աշխարհի մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները ներգրավելու, իշխանության և հասարակության թափանցիկ և ազնիվ երկխոսության համար մեխանիզմներ ստեղծելու համար:
«Ապրելու երկիր» կուսակցությունն անելու է ամեն հնարավորը, որպեսզի պետության նորացման գործընթացում պահպանելով և բազմապատկելով հայ ժողովրդի ավանդական արժեքները, հուսալի հիմքեր ստեղծի երկրի և ազգի կայուն զարգացման և աշխարհում հայ ինքնության տարրալուծման գործընթացի կասեցման համար:
Կուսակցության գաղափարախոսության մասին
Մենք գաղափարական հիմքը կազմում ենք սեփական փորձի, հայ հասարակության պահանջների, առկա ազգային և միջազգային ավանդույթների ստեղծագործական վերաիմաստավորման հիման վրա։
- Այո, մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղ պետություն դառնա։ Պետությունը պետք է հիմնված լինի ազգային և պետական շահերի գերակայության վրա։ Եվ այդ իմաստով մենք ազգային ենք․
- Չլուծված հակամարտությունների ու հակասությունների պայմաններում պետությունը պետք է պաշտպանություն ապահովի բնակչության առավել խոցելի շերտերին։ Եվ այս առումով մենք սոցիալիստներ ենք, սոցիալական պետության կողմնակիցներ․
- Միաժամանակ մենք կողմ ենք շատ կոմպակտ և արդյունավետ պետության, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, մրցակցությանը, հասարակական կառույցներին և նոր էլիտայի աճին։ Եվ այդ իմաստով մենք լիբերալներ ենք․
- Կուսակցությունն անընդունելի է համարում ազգային լավագույն ավանդույթներից հրաժարվելը։ Եվ այդ առումով մենք պահպանողականներ ենք։
Կուսակցության գաղափարախոսությունը գալիս է հայկական գործնական փորձից։ Իսկ հայ ազգը ունի իր յուրահատուկ ուրույն տեղը աշխարհի մյուս ազգերի շարքում, և այդ յուրահատկությունը մեզ համար որոշիչ ու արժեքավոր է։
Կուսակցությունը հանդես է գալիս տարբեր գաղափարների ու պրակտիկաների միավորման, դրանց օրգանական սինթեզի օգտին։ Այդ սինթեզը աշխատելու է հանուն հայ ժողովրդի՝ նրա կարևորության և արժեքի, ողջ աշխարհի համար։
Մենք չենք կրկնօրինակում որևէ մեկի գաղափարները, մենք կառուցում ենք նորը՝ սկսում ենք սկզբից: Ուստի մեր գաղափարախոսության մեջ գլխավորը նորի բացահայտումն է։ Միացե՛ք։