Մանիֆեստ

Տպել

Մանիֆեստ

Ապրելու երկիր կառուցելու հռչակագիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել
բոլոր կարող անհատներին և ուժերին՝ հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ
առաջնահերթությունները՝

Ամուր և երկարաժամկետ անվտանգություն։ Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ամրագրումը պետք է հանդիսանա երկրի զարգացման կարևորագույն նպատակը։ Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմական ոտընձգության հավանակությունը պետք է հասցվի զրոյական մակարդակի։ Այդ նպատակին հասնելու առաջնային գործիքը հանդիսանում է հզոր և մարտունակ բանակը։ Բանակաշինությունը պետք է հանդիսանա տնտեսության, գիտության առաջնային ճյուղերից մեկը։
Ունենալով արտաքին մատակարարումների հնարավոր խնդիր` անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետությունում
ռազմարդյունաբերական գործունեության ծավալումը` շեշտադրում անելով առաջնային նշանակության սպառազինության
արտադրությանը, ժամանակակից տեխնիկական միջոցների ու փոխարինող լուծումների ստեղծմանը` այդ նպատակով ապահովելով
գիտական և պաշտպանական համակարգերի ներդաշնակեցում:
 

Որակյալ և պատասխանատու կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական բացառիկ անբարենպաստ պայմանները և բնական ռեսուրսների սահմանափակությունը՝ մարդկային կապիտալի զարգացումը ոչ թե պարզապես առաջնահերթություն է, այլ բարեկեցիկ ապագայով ապրելու միակ հնարավորությունն է:
 

Իսկ մարդկային կապիտալի զարգացումը հնարավոր է միայն կրթության և գիտության համակարգի արմատական բարեփոխման
դեպքում: Տարիներ շարունակ իրականացվող իմիտացիոն քաղաքականությունը պետք է վերափոխվի իրական և վճռական քայլերի՝ քաղաքականության կենտրոնում պահելով ոչ թե քանակի, այլ որակի ցուցանիշները: Կրթության որակի բարձրացմանն ուղղված
գործողություններն առաջնային են, գերակա են, և այդ նպատակին հասնելու գործընթացում առաջացող անխուսափելի խնդիրները
պետք է ստորադասվեն՝ հանուն բոլորի երկարաժամկետ բարեկեցության: Հակառակ դեպքում, մասնագիտական կարողությունների փոխարեն հասարակության մեջ վերարտադրվելու և հավերժանալու են սոցիալական խնդիրները, իսկ գիտությունը նույնիսկ համապատասխան ֆինանսավորման պարագայում զարգացման հնարավորություն ֆիզիկապես չի ունենալու: Ամենաառաջնահերթ ռեֆորմները պետք է իրականացվեն հենց կրթության ոլորտում, որովհետև նույնիսկ համակարգի արմատական փոփոխությունների դեպքում փաստացի արդյունքները հասանելի են լինելու տարիներ անց, իսկ այդ արդյունքներից կախված է մնացած բոլոր ոլորտների զարգացման հնարավորությունը: Կրթությունը պետք է հանդիսանա պատասխանատու քաղաքացու կերտման
կարևորագույն գործոնը։
 

Կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Ներկա իրողությունները պահանջում են առանձնահատուկ լուծումներ
Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Այս նպատակով հարկավոր է վերագնահատել տնտեսական քաղաքականության
ավանդական մոտեցումները, դիտարկել տեխնոլոգիական նոր լուծումների կիրառումը՝ միավորվելով բոլորի ջանքերը առկա
հնարավորությունների, դրանց ընդլայնման միջոցով մարդկանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում պետք է դրվի մի էական գաղափար. բոլոր քայլերը նպատակաուղղել
վերջնարդյունքում այն խնդրի լուծմանը, որ Հայաստանում առավելագույնս շատ մարդիկ հնարավորություն ունենան աշխատանքով հավելյալ արժեք ստեղծել: Տնտեսությունը պետք է հանդիսանա յուրաքանչյուրի և բոլորի զարգացման միջավայր, որտեղ
կարևորագույն գործիք է պետություն-մասնավոր կայուն և արդյունավետ համագործակցությունը։
 

Արտաքին քաղաքականություն: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սուվերենությունն ու առավելագույնս
ինքնուրույնությունն անբեկանելի է: Անմիջական հարևանների հետ բարիդրացիական ու արժանապատիվ փոխգործակցության
հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա տարածաշրջանային խաղաղության երաշխիք: Հայաստանի
Հանրապետությունը գլոբալ տերությունների հետ հարաբերություններում պետք է ներկայանա որպես արժանապատիվ ու վստահելի գործընկեր:
 

Արտաքին քաղաքականության նպատակների գործում կարևոր է Սփյուռքի կառույցների ներուժի արդյունավետ օգտագործումը։
Արտաքին քաղաքականության կարևորագույն քայլերից պետք է հանդիսանա միջազգային և տարածաշրջանային
իրադարձությունների՝ Հայաստանի վրա ազդեցություն նվազեցմանը և հակառակը՝ այդ իրադարձությունների վրա մեր ազդեցության ավելացմանը։ Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած ընդհանուր շահը պետք է նվազեցնի օբյեկտիվ և սուբյեկտիվ
խնդիրների և հակասությունների ազդեցությունը։
 

 Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն:

 Տարիներ շարունակ սփյուռքից օգնություն ստանալու պասիվ
քաղաքականությունը պետք է վերափոխվի ակտիվ և նախաձեռնողական համագործակցության, որի արդյունքում Սփյուռքի ներկայացուցիչները հայրենասիրական շարժառիթներից բացի պետք է օժտված լինեն նաև Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցելու առավել շոշափելի և կայուն իրավունքներով: Այս առումով, հստակ և չափելի քաղաքականություն պետք է տարվի նաև հայրենադարձության ուղղությամբ, որը նպաստելու է թե՛ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմանը, թե՛ Հայաստան-
Սփյուռք կապի ամրապնդմանը:
 

Ազատ Արցախ: Հայաստանը պետք է հանդիսանա Արցախի ինքնորոշման և Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի ամբողջական իրացման երաշխավորը, որի համար հակամարտության բանակցային կարգավորումը պետք է շարունակվի որպես արտաքին
քաղաքականության գլխավոր ուղղություն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի համար պետք է լինեն Արցախի խնդրի կարգավորման ուղենիշ։
 

Արցախի ժողովրդի կյանքի և սեփական հողում ապրելու անբեկանելի իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես Արցախի
ինքնորոշման իրավունքի ճանապարհով։ Արցախի տնտեսության զարգացումը, բնակչության թվաքանակի առաջանցիկ ավելացումը
պետք է դառնա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն գործոն։ Արցախի հիմնահարցը պետք է հանդիսանա
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների թիվ մեկ օրակարգը՝ որպես մնացած խնդիրների կարգավորման հնարավորություն։
 

Անհատի առողջութան և բարեկեցության ապահովում։ 21-րդ դարի տնտեսական համակարգրում մարդուն այլևս չի կարելի
դիտարկել միայն որպես արտադրության գործոնի, որը տիրապետում է որակավորման որոշակի մակարդակի։ Ներկա պայմաններում առաջնային նշանակություն են ստանում անհատի ստեղծագործական ներուժը, ձեռնարկատիրական ունակությունները, պատասխանատվությունը, որոշումներ ընդունելու կարողությունը և այլն։ Այս համատեքստում կենտրոնական տեղ պետք է զբաղեցնի անհատի առողջությունը, որն անմիջական ազդեցություն ունի երկրի ժողովրդագրական վիճակի վրա, ինչպես նաև
կարևորագույն նշանակություն ունի տնտեսական անվտանգության ապահովման գործում:
 

Ապրելու երկրում պետությունը պարտավոր է առանցքային դեր խաղալ անհատի սոցիալական բարեկեցության ապահովման գործում։ Այն պետք է հիմնված լինի հավասար հնարավորությունների, հարստության արդարացի բաշխման, ինչպես նաև առանձնահատուկ
կարիքներ ունեցող անձանց նկատմամբ հանրային պատասխանատվության կրելու սկզբունքների վրա։ Սոցիալական խնդիրների լուծման և հատկապես՝ աղքատության վերացման նպատակով տնտեսական աճի ապահովման այնպիսի մոտեցումներ պետք է մշակել, որոնք հնարավորինս շատ մարդկանց հնարավորություն կտան մասնակից դառնալ տնտեսական աճի կերտմանը՝ դրանից օգուտ ստանալու ակնկալիքով:
 

Նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, որը պետք է հիմնված լինի արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) մշակման և դրանց գործարկման արդյունքում հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի պատշաճ խթանման և վերահսկողության վրա: Պետական համակարգում աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի պրոֆեսիոնալիզմի ու կարողության գնահատականը։
 

Հանրային ծայառության հիմքում պետք է գերիշխի էլեկտրոնային կառավարումը՝ նվազագույնի հասցնելով քաղաքացու շփումը
պետական համակարգի հետ։
 

Հանրային և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը պետք է դրվի հանրային կառավարման համակարգի բարեփոխման հիմքում:
 

Տարածքային համաչափ զարգացում, որը պետք է հիմնված լինի յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժի
համապարփակ գնահատման և տնտեսական քաղաքականության թիրախային գործիքակազմերի կիրառման վրա: Այս առումով էական
դեր և նշանակություն է ունենալու տարածքային կառավարման համակարգի բարեփոխումը և տարածքային միավորների
ինքնուրույնության ու նախաձեռնողականության աստիճանի բարձրացումը:
 

Արդարադատություն և անկախ դատական համակարգ: Դատական համակարգի անկախության ապահովման և արդյունավետության
բարձրացման նպատակով համակարգային և կառուցվածքային բարեփոխումներ պետք է իրականացվեն, որի արդյունքում դատավորի աշխատանքը պետք է մի կողմից զերծ լինի որևէ տեսակի քաղաքական ազդեցությունից, մյուս կողմից լինի բավականաչափ գրավիչ՝ դատավորի մասնագիտական կարողությունները արդար և արդյունավետ կերպով իրացնելու համար: Այս առումով, դատավորների ընտրությունից մինչև պատասխանատվության մեխանիզմների կիրառման մոտեցումները պետք է վերանայվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել համակարգի իրական անկախությունը:
 

Միևնույն ժամանակ, արդարադատության ապահովման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմները պետք է հանդիսանան
տնտեսության և մնացած ոլորտների զարգացման կարևոր գրավական։
 

Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում: Հայաստանի երկարաժամկետ զարգացման անհրաժեշտ պայմանը մեր ազգային և մշակութային արժեքների պահպանումն է, որի ուղղությամբ պետության վարած քաղաքականությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի բոլորի համար: Մայրենի լեզուն և հայոց պատմությունը պետք է լինեն առանձնահատուկ հոգածության ներքո, իսկ դրանց պատշաճ իմացությունը` յուրաքանչյուր հայի հանձնառությունը:

Այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը,
պրոֆեսիոնալիզմը, գործունակությունը՝ հավաքական ջանքերի համադրմամբ, և որպես քաղաքական գործունեության սկզբունք
հիմքում ունենալով ազնվությունը, վստահելիությունը, թափանցիկությունը։

ք․ Երևան, 15.08.2021թ․