
«Ապրելու երկիր» կուսակցության հահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել Սիսիանում առկա իրավիճակի և հետագա անելիքների մասին։
Սիսիանում տեղի ունեցած ընտրություններում իշխող կուսակցությունը հերթական փորձն է անում զավթելու իշխանությունը, որը, բնական է, չի հաջողվելու։
Եվ այսպես, թեև օրենքի շրջանակներում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, սակայն ակնհայտ է, որ Սիսիանը չունի և չի ունենալու համայնքի ղեկավար, քանի որ օրենքով սահմանված ժամկետում տեղի չի ունեցել համայնքի ղեկավարի երդման արարողություն։
Հերթական անգամ օրենքի ոտնահարումը կամ չիմացությունը դառնում է իշխանության գործելաոճ։ ՏԻՄ օրենքի համաձայն, համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի է ունենում ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։
Այսինքն՝ այդ նիստը հրավիրվել է օրենքի ուժով և այն չի կարող կրկին հրավիրվել, ինչպես այժմ տեղի է ունենում։
Զարմանալի է, թե ինչպես էին պատրաստվում ղեկավարել համայնքը՝ չունենալով մեծամասնություն, ի սկզբանե իմանալով ավագանու ընդամենը 9 անդամի աջակցության մասին։
Ակնհայտ է, որ իշխանության նպատակ եղել է, ու կա ամեն գնով իշխանություն ունենալը՝ չկարևորելով համայնքին ծառայելը։ Եվ հիմա փոքրամասնություն կազմող ուժը իր դժգոհությունն է հայտնում մեծամասնություն կազմող ուժերից, թե ինչու չեն ընդունում իրենց հաղթանակը և համայնքը թողնում խնդիրների առաջ։
«Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ համայնքի ղեկավարի պաշտոնում մենք տեսնում ենք Արա Զաքարյանին, որի շուրջ միավորման նպատակով բաց ենք եղել համագործակցելու՝ հանուն Սիսիան համայնքի առաջ ծառացած մարտահրավերների։ Ցավոք, անձնական և ներթիմային շահը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի Սիսիանում։
Ինչևէ, մենք առաջարկել ենք հարցի արագ և արդյունավետ լուծում՝ նոր արտահերթ ընտրություններ, որի արդյունքում համայնքի ղեկավարումը կստանձի բացառապես մեծամասնություն ունեցող ուժը կամ ուժերը։
Միևնույն ժամանակ, հերթական անգամ փորձ է արվում հարցը տեղափոխել էմոցիանալ դաշտ՝ նորից չտիրապետելով օրենսդրությանը։ Համայնքը, չունենալով համայնքի ղեկավար, շարունակում է գործել՝ քանի որ ձևավորվել է համայնքի ղեկավարման բարձրագույն մարմինը՝ համայնքի ավագանին։
Համայնքի բյուջեն շարունակում է գործել՝ և ծախսային և եկամտային մասով, որը վատագույն դեպքում շարունակելու է կիրառվել անգամ հաջորդ տարի։ Համայնքային բոլոր ծառայողները շարունակում են ունենալ իրենց պարտավորությունները համայնքի բնակչության առաջ։ Հետևաբար, փոքրամասնությանը կոչեմ անում սրտաճմլիկ կոչեր չանել։
Ի վերջո, ինչ պետք է անել։
Մանդատների վայր դնելու գործընթացը բերել է մի իրավիճակի, որի արդյունքում տեղի չեն ունենալու նիստեր։ Արդյունքում, երեք ամիս անց դադարեցվելու են ավագանու լիազորությունները և նշանակվեն նոր ընտրություններ։
Սակայն, եթե փոքրամասնություն կազմող քաղաքական ուժը, իրոք ուզում է Սիսիան համայնքում տեսնել ամբողջովին ձևավորված իշխանություն, որը արագ կանցնի իր ամբողջական լիազորությունների իրականացմանը, կա հնարավորություն արտահերթ ընտրությունները իրականացնել ավելի շուտ։ Դրա համար, համայնքի ընտրված ղեկավարին, որն այլևս չի ստանձնելու իր լիազորությունները, կոչ եմ անում հրաժարական տալ։
Համայնքի նոր ղեկավարի ընտրություն տեղի չունենալուց հետո երկշաբաթյա ժամկետում կդադարեցվեն ավագանու լիազորությունները։ Հակառակ պարագայում, ակնհայտ է դառնում, որ իշխող կուսակցությունը նախընտրում է Սիսիան համայնքում պահպանել ստեղծված քաղաքական ճգնաժամը ևս երեք ամիս։