Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ․ «Ապրելու երկիր» կուսակցություն

calendar

31 Դեկտեմբեր, 2022

Տպել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ․  «Ապրելու երկիր» կուսակցություն

Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ այս տարին մեզ համար եռանդուն աշխատանքի տարի էր։ Մենք մեր աշխատանքով ապացուցեցինք, որ միայն նվիրման և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է հնարավոր հասնել իրական և շոշափելի փոփոխությունների։

Եվ մեր այսպիսի ռազմավարությունը լինելու է շարունակական նաև գալիք տարում։ Այսօր մեր հայրենիքի առջև ծառացած դժվարությունները համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու հրամայական են։ Մեր տեսլականը պետք է լինի Հայաստանում ու Արցախում խաղաղության և անվտանգության հաստատման օրհասական անհրաժեշտությունը։

Ինչպես և միշտ՝ Արցախը, նրա հզորացումն ու կայացումը, Արցախի հայկական մնալն ու ապրելը պետք է շարունակեն բացարձակ առաջնահերթություն լինել բոլորիս համար։

Փակելով բացթողումներով ու թերացումներով հին տարին՝ 2023-ը դիմավորենք սխալներից դասեր քաղելով, միասնական հայրենիքը պահպանելու, այն հզորացնելու և ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ կառուցելու գործում յուրաքանչյուրիս ներդրումն ունենալու գիտակցումով, կամքով ու պատասխանատվությամբ։

Թող մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, անվտանգ և բարեկեցիկ Հայրենիքում։ Սեր, խաղաղություն և համերաշխություն բոլորիս ընտանիքներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։