
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։ Կուսակցության համագումարին ներկայացվեց քաղաքական ուժի վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին Կուսակցության քաղաքական խորհուրդն ու նախագահը, ելույթներ ունեցան քաղաքական ուժի հիմնադիրները և անդամները։
Համագումարի ժամանակ ելույթ ունեցավ նաև կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․
Հարգելի գործընկերներ, հյուրեր,
Երբ երկու տարի առաջ տեղի ունեցավ կուսակցության համագումարը, ակնհայտ էր, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց, արդեն Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած նոր մարտահրավերները լուրջ վտանգ են ներկայացնում մեր հայրենիքի համար։ Ե՛վ պետության, և՛ հայության բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեին այդ մարտահրավերների դիմակայմանը։ Բայց ի՞նչ ունեցանք այս երկու տարվա ընթացքում։ Հերթական կորցրած տարիները, որոնց արժեքը, սակայն, գնալով ավելի կարևոր է դառնում, ավելի անդառնալի։
Իշխանությունները երկու տարվա ընթացքում այդպես էլ չեն հասկացել մի պարզ բան, որ «խաղաղության օրակարգի» հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում։ Ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում, իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստաթուղթը խախտված է արդեն 132 օր, երբ մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է՝ ի հեճուկս խաղաղության դարաշրջանի։
Խաղաղության հաստատման համար մենք ունենք մեկ ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ, ընդ որում անվտանգություն՝ բառի լայն իմաստով՝ ռազմական անվտանգություն, նյութական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և այլն։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Պատերազմից 2,5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները և միայն մեր զինվորների նվիրական պայքարի շնորհիվ է, որ կորուստները սահմանափակված են այսքանով։ Իսկ Տեղ համայնքում կատարվածը դուրս է ցանկացած տրամաբանությունից, երբ ութ ամիս առաջ իմանալով սահմանային փոփոխության մասին, ինժիներական աշխատանքներ են իրականացվում սահմանային փոփոխությունից երկու շաբաթ անց։ Այսինքն, բացահայտ անգործության և փնթիության պատճառով ունեցանք հերթական զոհերը և տարածքային կորուստները։
Առիթից օգտվելով, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Տեղ համայնքի մեր թիմակիցներին, ովքեր հայրենիքի պաշտպանության գործում կանգնած են հայ զինվորի կողքին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի բռնապետ իշխանությունը կանգ չի առնելու և հոխորտացող հռետորաբանությունը և գործողությունները նպատակ ունեն շարունակել թուլացնել Հայաստանն ու Արցախը՝ օրակարգում չունենալով խաղաղություն հաստատելու որևէ մտադրություն։
Արդյունքում, իշխող ուժը, խաղաղության ինքնախաբեության օրակարգը ամեն օր փորձում է հրամցնել հանրությանը՝ դրան գումարելով Արցախից հրաժարվելու ծրագիրը։ Բացահայտ հայտարարելով, որ Արցախի հարցում իշխանությունը անելիք չունի՝ հրաժարվում է ոչ միայն հազարավոր զոհերի թափված արյունից, մեր պատմական ձեռքբերումներից, այլ նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից և նույնիսկ կառավարության իր ծրագրից։
Անկանոն, անհետևողական անվտանգային և արտաքին քաղաքականության արդյունքում՝ ծայրահեղ վտանգված է Արցախի վիճակը, իսկ Հայաստանի սահմանները խիստ խոցելի են։
Ի՞նչ անել։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ, և դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից։
Անհրաժեշտ է էականորեն փոխել տնտեսության կառուցվածքը՝ շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտների գերակայության փոխարեն ռազմարդյունաբերությունը դարձնել թիվ մեկ ոլորտը՝ գիտության և բարձր տեխնոլոգիաների համադրմամբ։
Վստահ եմ, որ հայ ազգի ռեսուրսները ի զորու են շատ կարճ ժամանակահատվածում ռազմաարդյունաբերության ոլորտում արձանագրել հաջողություններ, որը Հայաստանի և Արցախի անվտանգության համար կհանդիսա շատ կարևոր նախադրյալ։
Բանակաշինության բացթողումները շտկելու համար կարիք ունենք կառավարման որակի բարեփոխումների, քանի որ ժամանակակից բանակը ոչ միայն զենք ու զինվոր է , այլ ճիշտ և արդյունավետ կառավարում։
Իհարկե, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդում է նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները և այդ կապակցությամբ արդյունավետ արտաքին քաղաքականությունը պակաս կարևոր չէ՝ մարտահրավերներին դիմակայելու հարցում։
Արտաքին ոլորտում անընդհատ մանևրելու, բոլորին պարբերաբար մեղադրելու փոխարեն, պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ որևէ մեկը մեզ ոչինչ պարտք չի, որևէ մեկը մեր անվտանգությունը չի պահելու, եթե ինքներս դա չանենք։ Լավագույն դեպքում մենք կարող ենք ունենալ դաշնակիցներ՝ ովքեր մեզ կարող են օգնել, համագործակցել, բայց ոչ երբեք մեր փոխարեն աշխատել և պայքարել։
Այսօրվա աշխարհը, ցավոք, խախտել է իր իսկ կողմից ընդունված բազմաթիվ համամարդկային նորմեր և երկակի, եռակի ստանդարտները կիրառվում են պարբերաբար, որին զոհ են գնում թույլերը, իսկ ուժեղները ավելի են ուժեղանում։ Հետևաբար, մեր ամուր արտաքին քաղաքականության համար մեր ուժեղանալը այլընտրանք չունի։
Թեև այս փաստը ապացուցելու կարիք չունի, բայց հիշենք ինչպես էր միջազգային հանրությունը արձագանքում Արցախի շրջափակմանը պայքարի առաջին շաբաթներին, իսկ թե ինչպիսի մոռացություն է հիմա, դա նաև պայքարի բացակայության հետևանք է։
Անընդհատ փոփոխվող աշխարհը դադարում է լինել երկբևեռ, և ստեղծվում են նոր բևեռներ, հետևաբար մեր արտաքին քաղաքականության գործընկերների շարքում պետք է մեծ կարևորություն տալ նաև բնական դաշնակից Իրանին, Արաբական երկրներին, Հնդկաստանին, Չինաստանին։ Նոր բազմաբևեռ աշխարհում՝ Հայաստանը կարող է օգտվել նոր հնարավորություններից՝ պրոֆեսիոնալ ղեկավարում ունենալու պարագայում։
Ամփոփելով խոսքս՝ արձանագրենք․ որպես պետություն և ժողովուրդ, մենք ունենք հզոր պետություն կերտելու տեսլականը որպես հավաքական երազանք և նպատակ ամրագրելու կարիք։ Մենք պարտավոր ենք դադարել լաց լինել, հուսահատվել։ Մենք կարող ենք և ունենալու ենք հզոր պետություն, որտեղ ապրելը լինելու է երջանկություն։
Մենք, որպես կուսակցություն, հանձնառու ենք այդ նպատակի և երազանքի կերտման գործում առաջնորդել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը։
Մենք, որպես կուսակցություն, հանձնառու ենք շարունակել մեր պայքարը հանուն հայկական Արցախի և Արցախի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի։