
«Հրապարակ»․ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը յուրահատուկ պատկերացումներ ունի իշխանափոխության, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեխանիզմների, նաեւ այս օրերին փողոցում ծավալվող դիմադրության շարժման վերաբերյալ։ Օրինակ՝ կարծում է, որ «սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է՝ 2-3 կուսակցության կողմից»։ Նա օրերս նման հարցազրույց էր տվել։ Մենք հետաքրքրվեցինք նրանից, թե ինչի հիման վրա է այդպիսի եզրակացության հանգել, որ սա ժողովրդի պայքար չէ, այլ իշխանության գալու պայքար, հարթակից հնչող ելույթների՞ց է այդպիսի եզրահանգման եկել, թե՞ ժողովրդի հետ է զրուցել եւ նրա տեսակետն է փոխանցում։
«Անկեղծ ասած՝ էդպես մեծ ակտիվությամբ չեմ հետեւում հարթակից հնչող ելույթներին, մարդկանց այն քանակը եւ այն մթնոլորտը, որ այսօր ձեւավորված է, չի խոսում նրա մասին, որ սա ժողովրդի պայքար է, եւ բնական չէ այս պայքարը, այսինքն՝ բնական տեղից չի բխում, այսինքն՝ հստակ կազմակերպված քաղաքական միջոցառում է, որը բնական է՝ հաճախ բազմաթիվ քաղաքական ուժեր նախկինում եւ, բնական է, նաեւ ապագայում հանրահավաքներ են կազմակերպելու՝ հայտարարելով, մարդկանց հրավիրելով հանրահավաքին։ Հետեւաբար, դրա մեջ որեւէ արտառոց երեւույթ չկա, եւ սա ամենեւին ժողովրդից ծնված պայքար չէ, որ ժողովուրդն ինչ-որ իրադարձության հետեւանքով դուրս է եկել փողոց։ Որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել, ընդամենը քաղաքական ուժերն իրենց իրավունքն են իրացրել եւ կազմակերպել են քաղաքական միջոցառում՝ հրավիրելով իրենց համակիրներին»,- ասաց նա։
- Իսկ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնածը բնակա՞ն էր։ Ինքն էլ էր ժամանակին մի քանի հոգանոց ակցիաներ անում, եւ այնպես չէ, որ միանգամից հազարավոր մարդիկ հավաքվեցին իր շուրջը։
- Տեսեք, 2018 թվականի հեղափոխությունը ժողովրդի՝ տասնամյակներ կուտակված դժգոհության վերջնակետն էր, այսինքն՝ բազմաթիվ անգամ ժողովուրդն ընտրություններից հետո է իր դժգոհությունը հայտնել, օրինակ՝ նույն 2008-ին, 2013-ին, դրանից հետո էլի եղել է ժողովրդի պոռթկումը, որոնք չեն հասել այն նպատակին, ինչը որ դրել էր՝ գործող իշխանության հեռացումը։ Հետեւաբար, 2018-ը ես դիտարկում եմ ոչ թե առանձին տեղի ունեցած հեղափոխություն, որի նախադրյալները հենց էդ պահին էին սկսվել, այլ տասնամյակներով ժողովրդի մոտ ստեղծվել էր մի վիճակ, որ ժողովուրդն ընտրությունների միջոցով հնարավորություն չունի իշխանություն փոխել եւ միակ ճանապարհը տեսնում է փողոց դուրս գալու մեջ, որը պարբերաբար արվել է 2008 թվականին, նաեւ՝ 2013 թվականին։ Ընդ որում, այդտեղ ամենեւին կարեւոր չէին ընդդիմության առաջնորդները կամ այդ պարագայում ընտրություններին մասնակցող թեկնածուները, եւ ժողովուրդը փորձում էր իր իրավունքն իրացնել ընտրությունների միջոցով։ Ու երբ որ դուրս էր եկել փողոց, 2018-ի հիմքում նախկինում տեղի ունեցած պայքարն է եղել, հետեւաբար՝ այդ առումով ինքը բնական պահանջ էր։
- Դուք մտավախություն չունե՞ք, որ երբ ընդդիմությունը հաջողի փողոցային պայքարում եւ հեռացնի այս իշխանություններին, Դուք կամ ձեր քաղաքական ուժը կհայտնվեք, օրինակ, «իզգոյի» կարգավիճակում եւ մերժված կլինեք՝ որպես ընդդիմադիր, որովհետեւ մարդիկ կհիշեն, որ դուք իրենց դեմ էիք աշխատում։
- Մեր միակ մտավախությունը ժողովրդի վստահության հետ է կապված, եւ մենք մեր քաղաքական ճանապարհը չենք կառուցում այլ քաղաքական ուժերի կողմից մեր նկատմամբ վերաբերմունքով։
- Բայց նույնկերպ, կարծում եմ, հետեւում եք Էդմոն Մարուքյանի քաղաքական տրանսֆորմացիաներին եւ տեսնում եք, թե ինչ վերաբերմունքի արժանացավ Մարուքյանը։
- Կարծում եմ՝ շատ անտեղի համեմատություն եք փորձում անել, էդ մասով մեկնաբանություն չտամ։
- Այսինքն՝ վիրավորակա՞ն է Մարուքյանի հետ համեմատվելը։
- Չէ, մենք մեր ճանապարհը կառուցում ենք առանց այլ քաղաքական ուժերի ճանապարհը հաշվի առնելու։ Մեր ճանապարհը ժողովրդի վստահությունն ունենալն է եւ ընտրությունների միջոցով իշխանության գալն է։ Մենք մեր ճանապարհով գնալու ենք ժողովրդի հետ աշխատելով։ Մնացած քաղաքական ուժերն իրենց գործունեությունը կառուցում են իրենց որոշումների հիման վրա։
- Դուք պարբերաբար նշում եք, որ ընտրությունների միջոցով պետք է փոխվի իշխանությունը։ Այսինքն, հիմա արտահերթ ընտրությունների՞ հեռանկար եք տեսնում, թե՞ հասկացնում եք, որ պետք է սպասել եւս հինգ տարի, մինչեւ գա հերթական ընտրությունների ժամանակը։
- Այս պահին ընտրական գործընթացի մեր հաջորդ կարեւորագույն կետը, որտեղ վստահ ենք, որ իշխանություն կձեւավորենք, դա Երեւանի ավագանու ընտրություններն են։
- Ես համապետական ընտրությունները նկատի ունեմ։
- Առնվազն այս պահին, այսօրվա դրությամբ արտահերթ ընտրությունների նախադրյալ չենք տեսնում։ Երբ որ տեսնենք, մեր գործողություններն ու դիրքորոշումը կհայտնենք։
- Ի դեպ, եթե շեշտը դնում եք ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու վրա, քանի որ դա սահմանադրական ճանապարհն է, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին փողոցի միջոցով եղավ իշխանափոխություն։
- Նորից եմ կրկնում՝ այս պահին ժողովրդի կողմից արտահերթ ընտրությունների որեւէ նախադրյալ չկա։ Պետք է ուղղակի անկեղծ լինել՝ չի կարելի ժողովրդին տանել հերթական հուսահատության։
- Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը նորից որոշի գնալ արտահերթ ընտրությունների, Ձեր արձագանքն ինչպիսի՞ն կլինի դրան։
- Մենք էս պահին նախադրյալ չենք տեսնում, եթե նման իրավիճակ ստեղծվի, բնական է՝ կունենանք ոչ թե արձագանք, այլ կլինեն մեր գործողությունները։
Վահե Մակարյան