Aravot.am-ը գրել է․
Գրկախառնություններ, համբույրներ, սիրո խոստովանություններ…Այսօր Երիտասարդական պալատի վերականգնման նախագծի շնորհանդեսին ներկա մասնակիցներից մի քանիսը հայտարարեցին, որ իրենք ամուսնացել են նախկին «Կուկուռուզնիկի» զագսում ու պատմեցին թանկ հիշողություններ. «Մեզ համար երազանք էր: Ստացվեց այնպես, որ սկզբից եկեղեցի գնացինք, մեկուկես տարի հետո նոր զագս: Ես երեխայի հետ էի, զագսում հարցրեցին՝ այդ փոքր տղան ո՞վ է, ասեցի՝ տղաս է: Կոմսոմոլական հարսանիք էր, զագսի աշխատողը նեղացավ մեզանից: Մեր տղան մեր վկան է եղել»,- պատմեց ամուսնական զույգերից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր երեւանցիների սիրելի «Կուկուռուզնիկի» վերականգնման ծրագիրը միավորել էր հարյուրավոր մարդկանց Բաղրամյան 6 հասցեում՝ քննարկելու ապագա շենքի հնարավորությունները, պատմելու նախկին Երիտասարդության պալատի հետ կապված քաղցր հիշողությունները եւ երազելու այն օրվա մասին, երբ կրկին Երեւանը կունենա իր «կրծած կուկուռուզը»:
Միջոցառման մասնակիցներից մեկը, որը պատմում էր Երիտասարդության պալատի նախկին շենքում իր ամուսնության հուշերը, անթույլատրելի սխալ արեց, ամեն ինչ հիշում էր, բայց լավ չէր հիշում ամուսնության օրը. «83 թվականի հունվարի 28-ի՞ն էր…»: Կինը հուշեց՝ 29-ին: Պարզվեց՝ «Կուկուռուզնիկի» շենքում այս զույգի ամուսնական առաջին օրն էլ հարթ չի ընթացել. «Հիշում եմ, որ մատանիները հագցրեցինք, մատս սկսեց քոր գալ, հենց այն աստիճանների վրա հանեցի, որ գրպանս դնեմ, մատանին գլորվելով գնաց: Կինս իհարկե նեղացավ, հետո իմացավ, որ մատանիները քոր են տալիս: Իմ հիշողության մեջ դա ոչ թե «Կուկուռուզնիկ» է, այլ՝ «կրծած կուկուռուզ»:
«Երիտասարդության պալատի» վերականգնման նախաձեռնությունը «Ապրելու երկիր» կուսակցությանն է եւ «Արթուր Թարխանյան կենտրոնինը»: Միջոցառման ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց առաջարկությունները ապագա «Կուկուռուզնիկի» հետ կապված գրել թղթի վրա եւ գցել արկղիկում, ինչպես նաեւ նկարել իրենց պատկերացրած Երեւանը՝ իրենց հետքը թողնելով երեւանյան համայնապատկերի նկարի վրա:
Քանի որ այս բոլոր մարդկանց միավորել էր «Կուկուռուզնիկը», «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու Անահիտ Թարխանյանը պատասխանեցին նաեւ ապագա «Երիտասարդական պալատի» հետ կապված ներկաներին հուզող բոլոր հարցերին:
Մասնավորապես, հարցին՝ կարող է «Կուկուռուզնիկը» վերականգնվի նոր մոտեցումներով եւ մարդիկ ասեն՝ լավ է, սա մեր տեսածը չի, պատրա՞ստ եք այս բողոքներին՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի կարող անտարբեր լինել «Կուկուռուզնիկի» նկատմամբ: Պատրաստ ենք առաջարկների, քննադատությունների, մտքերի, սա լինելու է բոլորինը, հետեւաբար բոլորի առաջարկությունները, միտքը մշակելու, զետեղելու ժամանակ ենք տվել: Պետք է լսենք մարդկանց, որովհետեւ այն պատկանելու է բոլորին: Այլեւս թույլ չենք տալու, որ անտարբեր ու անհաղորդ հայացքի ներքո, ինչպես տեղի ունեցավ նախկինում, «Երիտասարդության պալատը» հին ճակատագիրն ունենա»:
Երիտասարդներին հետաքրքրում էր՝ նոր «Կուկուռուզնիկում» հայտնի արտիստների, երգիչների հրավիրելո՞ւ են: Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ այդ հիշողությունը, որը ցույց էր տալիս, թե ինչպիսի տեղ էր «Երիտասարդության պալատը», ոչ միայն վերականգնվելու է, այլ բազմաթիվ նորանոր երգիչների, խմբերի կառույցն է լինելու, որտեղ նրանք համերգ են տալու: Իհարկե, մենք հրավիրելու ենք, բայց անպայման ձեր մասնակցությամբ եւ ձեր ճաշակով»:
Անահիտ Թարխանյանն էլ հավելեց, որ «Երիտասարդության պալատում. Կլինի մեծ ցուցասրահ, դահլիճ, որտեղ արդի մշակութային գործեր կներկայացվեն: Նախատեսում են վերականգնել նաեւ պտտվող սրճարանը, բաց եւ փակ լողավազանը, կոնֆերանս դահլիճը, այն ամենը, ինչ կար նախկին շենքում:
Մարդկանց նաեւ հետաքրքրում էր՝ մոտավորապես ի՞նչ կարժենա «Կուկուռուզնիկի» վերականգնման այս ծրագիրը եւ ի՞նչ են արել՝ տարածքը տնօրինելու հարցում, չէ՞ որ այն վաճառվել էր: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Նախնական հաշվարկներ են եղել, բնականաբար, ես կարդացել եմ, ծանոթացել եմ, նախկինում 5 մլն դոլար էր, բայց կարծում եմ, այլ կլինի այդ թիվը»: Ինչ վերաբերում է տարածքին, Թանդիլյանը հիշեցրեց, որ հողահատկացման, վաճառքի գործարքներում «ապօրինի որոշման» հոտ է գալիս, այնպես որ հնարավոր է այդ ամենը վերականգնել:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Նեմրա» խմբի համերգը՝ որպես նվեր երեւանցիներին: