«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

calendar

28 Մայիս, 2022

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը։ Տոնը թարմացնում է բոլորիս հիշողությունը մեր հավերժական ձգտման՝ պետականություն ստեղծելու և ամեն գնով այն պահպանելու մասին։

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր ժողովրդի հերոսական պայքարի, համախմբման շնորհիվ ստեղծվեց Առաջին Հանրապետությունը։

Եվ չնայած հերոսական գնով ձեռք բերված անկախությունը շատ կարճ տևեց, բայց պատմական այդ շրջանը հավիտյան ուսանելի օրինակ դարձավ մեր ժողովրդի համար՝ ինչպես դժվարագույն պայմաններում, ինքնության կորստի վտանգի առջև չընկրկել ու կառուցել պետություն։

Չպետք է մոռանալ, որ Առաջին Հանրապետությունը պատմություն է անշահախնդիր, անձնվիրաբար պետականություն ստեղծել ցանկացող անձերի ու ժողովրդի մասին։

Եվ այսօր, երբ կրկին կանգնած ենք Հայաստանի և Արցախի շուրջ արտաքին, անվտանգային բազմաթիվ մարտահրավերների առջև, առավել քան երբևէ, կարիք ունենք նվիրյաների, հմուտ և որակյալ առաջնորդների, որոնք գիտեն պետական շահը առաջ տանելու բանաձևերը, ունակ են երկիրը ճգնաժամից հանելու և ապահովելու Հանրապետության հզորացումն ու զարգացումը։