Երևանում նախատեսվում է զրոյից ճոպանուղու նոր կայաններ կառուցել, որոնք կսպասարկեն յոթ ուղղություն։ Նախատեսվում է աշխատանքների մեկնարկը տալ սեպտեմբերի 18–ից և ավարտին հասցնել 3.5-4 տարվա ընթացքում։ Նոր ճոպանուղում նախագիծը ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Ճոպանուղու 7 գծերը կսպասարկեն հետևյալ ուղղությունները` Ֆրանսիայի հրապարակից Հյուսիսային ավտոկայան, Ավան, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթի կայարանից Կոմիտասի պողոտա, Լենինգրադյան փողոցից Դավիթաշեն, ապա Լամպերի գործարան, Աշտարակի խճուղուց դեպի կինո Հայաստան։
Ամբողջ նախագիծը կարժենա մոտ 50 մլն դոլար։ Եթե դիտարկենք համեմատության մեջ, ապա մետրոյի Աջափնյակի կայարանն արժե 50 մլն եվրո։
Ճոպանուղին կլինի 70 կմ երկարության, կունենա միջինում 0.7 կմ արագություն, կգործի 94 կանգառ։
Ճոպանուղու առաջին կայարանի կառուցման աշխատանքները կավարտվեն 6-10 ամիս անց։ Մեկ կայանի կառուցումը կարժենա 2 մլն դոլար, մեկ աշտարակը` մոտ 2000 դոլար, մեկ խուցը` մոտ 30-50 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել մոտ 100 խուց։
Նախատեսվում է ճոպանուղու երթուղիներն այնպես կառուցել, որ դրանք մոտ լինեն նաև մետրոյի կայարաններին, որպեսզի ճանապարհի մյուս հատվածը սպասարկի արդեն մետրոպոլիտենը։
Ճոպանուղին լինելու է քաղաքային ընդհանուր տրանսպորտի մաս, լինելու է նույն կերպ մատչելի բոլորի համար։ Այն նաև հարմարացված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Սա, ըստ ճոպանուղու նախագծի հեղինակների, կլուծի մայրաքաղաքի խցանումների հարցը, մայրաքաղաքի հեռավոր տարածքները կկապի կենտրոնին, ինչպես նաև հասանելիություն կունենա այն քաղաքամասեր, որտեղ մեքենաները դժվարությամբ են մուտք գործում։ Օրինակ` Կոնդ, Սարի թաղ, Նորագյուղ և այլն։
Առաջիկայում նաև Երևան կայցելեն միջազգային ճոպանուղու ցանցի ներկայացուցիչներ այս նախագծի քննարկման համար։ Ի դեպ, սա այն ընկերությունն է, որը կառուցել է նաև Տաթևի ճոպանուղին: