Երեւանի կենտրոնը ծայրամասին կապող ճոպանուղու երթուղին ունենալու է 7 գիծ․ Մանե Թանդիլյան

calendar

05 Հուլիս, 2023

Տպել

Երեւանի կենտրոնը ծայրամասին կապող ճոպանուղու երթուղին ունենալու է 7 գիծ․ Մանե Թանդիլյան

«Մենք այլեւս կկարողանանք տեղաշարժվել արագ՝ ճոպանուղու միջոցով։ Սա ժամանակակից քաղաքների լավագույն լուծումն է, որը ներդրվում է տրանսպորտային համակարգին կից»․ MediaHub-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, ներկայացնելով իր թիմի նախաձեռնությամբ Երեւանում ճոպանուղի կառուցելու նախագիծը։ 

«Մենք այլեւս չենք կարողանալու գործատուներին բացատրել, թե ինչու ենք ուշացել, որովհետեւ ճշգրիտ ժամանակացույցով աշխատող տրանսպորտային միջոցը մեզ հնարավորություն է տալու ճիշտ ժամանակին տեղ հասնել»,-ասաց Թանդիլյանը։ 

Քաղաքային ժամանակակից ճոպանուղին խցանումները հաղթահարելու իդեալական լուծում կլինի. «Ապրելու երկիր» կուսակցությունը խոստանում է այն կառուցել 3,5 տարվա ընթացքում։

«Ճոպանուղին կարճ ժամանակում է կառուցվում։ Տաթեւերը կառուցվել է ընդամենը 10 ամսում եւ կայանագծերը նույնպես կարող են կարճ ժամանակում կառուցվել՝ 6-10 ամսվա ընթացքում: Այն նախագիծը, որը մենք ենք ներկայացնելու, մոտավորապես 3,5 տարվա ընթացքում իրականություն կդառնա»,-ասաց Թանդիլյանը։

Երեւանի կենտրոնը ծայրամասին կապող ճոպանուղու երթուղին ունենալու է 7 գիծ։

«Այն հիմնականում Երեւանի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւմտյան մասերը կապելու է կենտրոնի հետ։ Սա լինելու է տրանսպորտային համակարգի մաս, ինչը նշանակում է լինելու է մեր բոլոր հայրենակիցների օգտագործման համար»,-ասաց Թանդիլյանը։ 

Նա վստահեցնում է՝ Երեւանը կենտրոնին կապող ճոպանուղու կառուցումը լիովին հավանական նախագիծ է, այդպիսի փորձ «Ապրելու երկիրն» արդեն ունի։ 

«Ճոպանուղու կառուցման փորձառություն մենք արդեն Հայաստանում ունենք՝ Տաթեւեր փառահեղ ճոպանուղին, որը կառուցվել է Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ։ Այս օրինակը ցույց է տալիս Երեւանում ճոպանուղի ունենալու իրատեսական լինելը, որը կարող է տրանսպորտային համակարգի մաս լինել։ Ճոպանուղին տրանսպորտային խնդիրների ժամանակակից լուծում է, հետեւաբար այն լիովին իրատեսական է։ Մենք պատրաստվում ենք Երեւանը թողնել սերունդներին որպես համայն հայության մայրաքաղաք՝ շքեղ, ցանկալի։ Մեր սերունդները պիտի վայելեն Երեւանը մեզնից առավել, մեզնից շատ»,-ընդգծեց Թանդիլյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում