Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

calendar

03 Հունվար, 2024

Տպել

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․ 

«Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները։

Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը ապօրինի բռնազավթման կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Հետևաբար, այս պահից սկսած կասեցված է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։

Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել զոռբայությունը և Դավիթ Ղումաշյանի կողմից անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»,-գրել է նա։