Ադրբեջանի նախագահը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիվ է քշում․ Մանե Թանդիլյան

calendar

22 Հուլիս, 2024

Տպել

Ադրբեջանի նախագահը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիվ է քշում․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությանը։

Նա գրել է․

«Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիվ է քշում։

Հարկ եմ համարում հիշեցնել, այդ թվում միջազգային գործընկերներին, որ Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել։

ՀԽՍՀ տարածքում 1989թ. դրությամբ ապրել են մոտ 80,000 ադրբեջանցիներ, ովքեր ինքնակամ վերադարձել են Ադրբեջան բացառապես ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այնպես, ինչպես բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձել են Ադրբեջան նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։

Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը լքել են ավելի քան 100,000 ադրբեջանցիներ։

Նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում, չկա որևէ հիշատակում, որ ադրբեջանցիները Հայաստանը լքել են հարկադրված, հետևաբար, նրանք արդեն վերադարձել են և վերադարձել են իրենց հայրենիք՝ Ադրբեջան։ Ի տարբերություն սրա, ավելի քան 400,000 հայեր Ադրբեջանի տարածքում ենթարկվել են ցեղասպանության, բռնի տեղահանման։

Այս ամենի կողքին բոլորովին անընդունելի է համեմատությունը նաև Արցախում ապրած հայերի հետ, ովքեր ապրել են իրենց հայրենիքում հազարամյակներով՝ ունենալով նաև հայապատկանություն իրենց հայրենիքի նկատմամբ։

Հետևաբար, ադրբեջանական կողմի մեկնաբանությունները հերթական անհեթեթությունն են, որոնց նպատակը բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ագրեսիան է»։