«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տվել «Հրապարակ»-ին։
Հոդվածն ամբողջությամբ ստորև․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում անդրադառնալով հայ ռազմագերիների հայրենադարձման թեմային, նշեց, որ Պուտինին ասել է՝ այս պահին Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններն ավելի արդյունավետ են: Հարցին՝արդյունավետությունն ինչպե՞ս եք չափել, եղե՞լ է մի գործընթաց, որ հօգուտ ՀՀ-ի լինի, Ջերմուկից ինչո՞ւ դուրս չեն գալիս թշնամու զորքը, խոսե՞լ եք այդ մասին, գերիների վերադարձի մասին, Ալիեւին ասե՞լ եք, որ Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատի, Փաշինյանը պատասխանել էր. «Բոլոր այն որոշումները, որ կայացվել են՝ սկսած նախորդ տարի դեկտեմբերին, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցով, շարունակած սահմանազատման գործընթացը, դրանք՝ բոլորը, ՀՀ-ի օգտին են` այն ընկալմամբ, որ նաեւ Ադրբեջանի Հանրապետության օգտին են: Խաղաղությունը սա է, որովհետեւ մյուսը պատերազմի ռեժիմ է, որ մեկը պետք է հաղթի, մյուսը՝ պարտվի: Նշեցիք Ռուբեն Վարդանյանի դեպքը, բայց շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում` ինքն ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»: Մենք մի քանի հարց ուղղեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի գործընկեր Մեսրոպ Առաքելյանին:
- Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանի մասին ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություններ անում, նպատակը ո՞րն է:
- Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկրի ղեկավարի մակարդակի չկարողացավ հասնել: Առնվազն բարոյական չէ խոսել այն անձանց մասին, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում: Նիկոլ Փաշինյանի միակ անելիքն այդ պարագայում ՀՀ քաղաքացիների հայրենադարձմամբ զբաղվելը պետք է լիներ, բայց այն, ինչ անում է նա, հատուկ է իր տեսակին ու բնույթին, ու ոչ մի զարմանալի բան չկա: Նա իրեն շարունակում է պահել այնպես, ինչպես հատուկ է իրեն: Նիկոլ Փաշինյանի ամեն մի ասուլիս ու հարցազրույց միտված է ավելի մեծ չափաբաժնով Արցախի ու Արցախի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ ատելություն տարածելուն: Լրագրող Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, չի հետեւել կամ գուցե ժամանակ չի ունեցել հետեւելու Ռուբեն Վարդանյանի գործունեությանը` ՀՀ-ում եւ Արցախում, որն արդեն 30 տարի է՝ շարունակվում է: Ռուբեն Վարդանյանին որեւէ մեկը որեւէ տեղ չի կարող գործուղել, Վարդանյանն ունեցել է եւ ունի մեկ նվիրում` հայրենիքի կողքին լինել: Անիմաստ մեկնաբանությունները նույնիսկ արժանի չեն քննարկման:
- Դուք այդ մեկնաբանություններն անիմաստ եք համարում, բայց արդյո՞ք Ալիեւն էլ է դրանք համարում անիմաստ, եւ արդյո՞ք դա չի ազդում գերիների հայրենադարձման վրա:
- Մի փաստ էլ ցավով արձանագրենք. Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ մեկնելուց հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն են պարբերաբար խոսել այն մասին, որ Վարդանյանին գործուղել են այնտեղ: Այսինքն` այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ասում է, ասում է նաեւ Ադրբեջանը, փաստացի կրկնում է նրանց: ՀՀ իշխանությունները որեւիցե քայլ չեն անում գերիների վերադարձի ուղղությամբ: Այս իշխանություններն իրենց ներկայությամբ մեծ խնդիր են գերիների վերադարձի համար: Ընդ որում` ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է գերության մեջ, այլեւ շուրջ 15 գերի ունենք, որոնց մասին ոչինչ չի խոսվում, ոչ մի քայլ չի արվում:
- COP-29-ն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել գերիների վերադարձի հարցի վրա: Կարծիքներ կան, որ եթե նախքան COP-29-ը գերիներին չհայրենադարձեն, հետագայում խնդիրն ավելի կբարդանա:
- Որեւիցե տարբերություն բռնապետական Ադրբեջանի մեջ ես չեմ տեսնում՝ կլինի COP-29-ից առաջ, հետո, թե ընթացքում: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը միշտ է դրսեւորվում, այդ տեսանկյունից մտածել, որ ավելի բարենպաստ պայմաններ կարող են ստեղծվել, այնքան էլ խելքին մոտ չէ, էական տարբերություն, ըստ իս, չկա: Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ կոնֆերանսն ունենալու է մեծ ներգրավվածություն աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի իշխանությունները կարող էին բարձրաձայնել հարցը, խոսել նաեւ Ադրբեջանի՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու եւ այլ բազմաթիվ հարցերի մասին: Պետք է միջազգային հանրությանն անպայման ցույց տալ, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, բայց, մյուս կողմից էլ, Հայաստանի իշխանություններն են Ադրբեջանին այդ կոնֆերանսը կայացնելու հնարավորություն ստեղծել, եթե իշխանություններն օգտվեին իրենց վետոյի իրավունքից, նման միջոցառում Ադրբեջանում չէր իրականացվի։ Հետեւաբար, որեւէ հույս այս իշխանություններից ունենալ, որ ինչ-որ հարց կբարձրացնեն միջազգային հանրության մոտ, իրատեսական չէ: Առնվազն կարող էին խոսել այս մասին, Ադրբեջանը բարի կամքի դրսեւորում չի անելու, ուստի շատ կարեւոր են թե՛ ՀՀ-ի եւ թե՛ միջազգային հանրության գործողությունները: Հայաստանն այս հարցերի մասով պետք է համախոհներ գտնի:
- Վարդանյանը վերջին անգամ ե՞րբ է զանգահարել, ի՞նչ է ասել: Կա՞ նորություն:
- Պաշտոնական տեղեկություններից բացի, չկա տեղեկություն»: