«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տվել Oragir.News-ին։
Հոդվածն ամբողջությամբ ստորև․
«Օրերս Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիս էին իրականացրել՝ հայտնելով, որ Արցախի քաղաքացիներն իրենց 070 կոդով անձնագրերով չեն կարողանում շենգեն վիզաներ ստանալ, և նրանց դիմումները համատարած կերպով մերժվում են։ Հատկանշական է, որ նախկինում Արցախի քաղաքացիները իրենց անձնագրերով կարողացել են շենգեն վիզաներ ստանալ ու այդ գործընթացում 070 կոդով անձնագրերը խնդիրներ չեն առաջացրել։
Oragir.News-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ վիզաների տրամադրման պրոցեսը կարգավորվում է հենց ԵՄ վիզաներ տրամադրող երկրների կողմից, սակայն մինչև այս պահը Արցախի քաղաքացիներն իրենց 070 կոդով անձնագրերով վիզաներ ստանալիս ոչ մի խնդիր չեն ունեցել․
«Այսինքն՝ Արցախի քաղաքացիներն իրենց 070 կոդով անձնագրերով վիզաներ են ստացել այն նույն պայմաններով, որոնցով ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, արցախցիների համար ոչ մի լրացուցիչ խնդիր չի ծագել։ Գործընթացի վերաբերյալ ես էլ եմ լսել, որ որոշակի խնդիրներ կան, սակայն ակնհայտ է, որ սա կառավարության հերթական իրավական անգրագիտության հետևանքն է, որովհետև այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, քանի որ ժամանակին ստացել են ՀՀ անձնագրեր, որոնք մինչև այժմ բոլոր իրավունքների ու պարտականությունների շրջանակներում կիրառվել է»։
Մեսրոպ Առաքելյանը ծիծաղելի, միևնույն ժամանակ նաև ողբերգություն ողբերգություն է համարում, երբ, ըստ Հայաստանի կառավարության, արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստանում, քանի որ տվյալ դեպքում մարդը հանձնում է ՀՀ անձնագիրը և ստանում է նույն ՀՀ անձնագրից, որոնց միջև ոչ մի տարբերություն չկա։ Նա հիշեցրեց, որ արցախցիների բնակարանային ապահովագրման ծրագրի հիմքում էլ ընկած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պահանջը։
Մեր զրուցակիցը հույս է հայտնում, որ արցախցիների դիմումների մերժումը կապված չէ կառավարության, արտգործնախարարության ու դեսպանատների միջև ձեռք բերված պայմանավորվածություններով։ «Մյուս կողմից չեմ կարծում, որ ԵՄ երկրները կառավարության հորդորով ինչ-որ քայլ կանեն, բայց եթե հիշենք, որ կառավարությունը հայտարարեց, որ արցախցիները փախստական են, փախստականի կարգավիճակ ունեն, ու իրենց անձնագրերն առանց որևէ հիմքի համարվում են թերի փաստաթուղթ, ապա այս տեսանկյունից այո, համաձայն եմ, որ կառավարությունը բոլոր միջոցներով փորձում է արցախցիների համար խոչընդոտներ ստեղծել»,- ասաց նա՝ նշելով՝ անհասկանելի է, թե կառավարության կյանքում ինչ է փոխվելու, երբ արցախցիները կրկին նույն անձնագրից կստանան։
Oragir.News-ի հարցին՝ որքանո՞վ է համաձայն այն պնդումների հետ, որ այս ճանապարհով փորձ կատարվում զսպել արցախցիների շրջանում առկա արտագաղթի միտումները՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․
«Ընդհակառակը, եթե կառավարության լեզվով ասած այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենան, որովհետև ես էլի եմ պնդում, որ իրենք նույն անձնագրից ունեն, այդ մարդկանց համար վիզա ստանալն ու արտերկիր մեկնելը շատ ավելի հեշտ է լինելու, քան հիմա։ Այս պարագայում արտագաղթը մեղմելու համար կառավարությունը պետք է մի բան աներ, որը արդեն 1 տարի է չի անում․ այս մարդկանց պետք է ապահովեր կացարաններով։ Բացի զուտ էմոցիոնալ մասից, մարդն իր հայրենիքի ու հողի հետ կապվում է այն ժամանակ, երբ ունենում է անշարժ գույք, այսինքն՝ իր սեփական տունն ունեցող մարդը շատ ավելի դժվար է արտագաղթելու որոշում կայացնում, քան այն մարդն, ով ինչ-որ ժամանակավոր կացարանում է բնակվում։ Հիմա, երբ արդեն 1 տարի է անցել ու այդ ծրագրից 1000-2000 արցախցի է օգտվել, այո, ցավոք նաև պաշտոնական տվյալներ կան, որ ավելի քան 10 հազար արցախցիներ արտագաղթել են, իսկ կառավարության օգտագործած մեխանիզմները չի բերում նրան, որ արցախցիները կապվեն իրենց հայրենիքին, իսկ արտագաղթի միտումները զսպվեն»։
Առաքելյանը հավելեց՝ տեսնում է, որ արցախցիները Հայաստանի կառավարթության համար բոլոր առումներով անցանկալի անձինք են համարվում»։