Փաշինյանը շարունակում է մնալ լրագրողական մակարդակի վրա. Մեսրոպ Առաքելյան

calendar

04 Սեպտեմբեր, 2024

Տպել

Փաշինյանը շարունակում է մնալ լրագրողական մակարդակի վրա. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանին վերաբերող հայտարարություններին՝ նշելով, որ Փաշինյանը շարունակում է մնալ լրագրողական մակարդակի վրա և այնպիսի հարցեր է տալիս, որոնք հարիր չեն պետության ղեկավարին:

Tert.am-ին տված հարցազրույցը ամբողջական ստորև․

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Հայաստանում հայտնի է բոլորին վերջին 30 տարվա ընթացքում: Ռուբեն Վարդանյանն ինչ-որ մի տեղից Հայաստան գալու անհրաժեշտություն չուներ։ Ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում բազմաթիվ ծրագրերի անցկացումը փաստում էր պարոն Վարդանյանի նվիրումը հայրենիքին», - ասաց նա:

Առաքելյանը նշեց՝ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար Արցախին նվիրվելը մի զարմանք էր, և պետք էր դրա մեջ դավադրություն փնտրել․ հակառակ պարագայում հարց կառաջանար՝ իրենք ինչո՞ւ նվիրված չեն Արցախին:

Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի թիմերը:

«Իր վարքագիծն իր խղճին եմ թողնում: Սկզբունք ունեմ՝ այն անձինք, ովքեր արցախյան այս արհավիրքի միջով անցել են, հայրենիքի կորուստ ունեն ու այս պահին եկել են Հայաստան, ընդհանրապես չանդրադառնալ այդ մարդկանց:

Պարոն Բեգլարյանը Ռուբեն Վարդանյանի խորհրդականն էր, երբ Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր: Ասելու շատ բան կա, բայց ես զերծ կմնամ: Հուսով եմ Բեգլարյանը շատ լավ է հասկանում, թե Արցախում ինչ է կատարվել, ով ինչ է արել Արցախի համար։ Ցավում եմ, որ նման արտահայտություններ է թույլ տալիս իրեն»,- ասաց նա:

Առաքելյանը հարց բարձրացրեց՝ ո՞վ էր Ռուբեն Վարդանյանի քաղաքական թիմը:

«Նա գնացել ու ծառայում էր Արցախին մինչ այդ ու պետնախարարի պաշտոնում հետո։ Ինչպե՞ս կարելի է նման անհեթեթ արտահայտություն անել: Հուսով եմ՝ ինչ-որ միտում կամ հանձնարարական չկա, որ պարոն Բեգլարյանը սկսել է նման բաներ խոսել», - շեշտեց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե կա ռուսական ծրագիր՝ ամեն գնով Ռուբեն Վարդանյանին ազատել Բաքվի բանտից և բերել Հայաստան, Առաքելյանն արձագանքեց՝ այդ մարդիկ որպես ադրբեջանական լոբբինգի ներկայացուցիչներ են ՀՀ-ում:

«Նրանք սպասարկում են ադրբեջանական շահերը Հայաստանում և նրանց նպատակն է կատարել Ադրբեջանի հանձնարարությունները, էլ չեմ խոսում, որ ուղղակի իրականության հետ կապ չունեն: Նրանք քաղաքական նկրտումներ ունեն և, հաշվի առնելով, որ Ադրբեջանին են ծառայում, կարող են իրենք էլ գնալ, հայտնվել Ադրբեջանում, հետո այնտեղից վերադառնալ, եթե կարծում են, որ դա ինչ-որ քաղաքական ճանապարհ է», - ընդգծեց Առաքելյանը: