Այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: Որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են. Արկադի Թամազյան

calendar

12 Նոյեմբեր, 2024

Տպել

Այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: Որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են. Արկադի Թամազյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար  Արկադի Թամազյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին․

Հարցազրույցն ամբողջությամբ ստորև․

«Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: Տեսնում ենք, թե ինչպես են հերթականությամբ, հետեւողական, նույն ձեռագրով աշխատում այն բոլոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են: 

Ալավերդու օրինակը բացառիկ էր, որովհետեւ աննախադեպ մեծ էր ուժային կառույցների դերակատարումը, ոստիկանական համակարգն ամբողջությամբ օգտագործեցին եւ կարողացան բռնազավթել Ալավերդի համայնքը: Ասեմ ավելին` այդ դեպքից հետո Ալավերդի համայնքն ամբողջապես պարալիզացվել է, եւ համայնքը զարգացնելուն ուղղված որեւէ աշխատանք չի տարվում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի կապ չունի համայնքների զարգացման հետ, եւ չենք կարող անվանել ՏԻՄ ինքնուրույն մարմին: Հայաստանում, որպես այդպիսին, չկա նման անկախ համակարգ: ՏԻՄ՝ նշանակում է տեղական ինքնակառավարման մարմին, այսինքն` ինքնուրույն մարմին: Ինչո՞ւ է կոչվում ինքնակառավարվող մարմին, եթե այն պետք է կառավարության հետ սինխրոն աշխատի: 

Համայնքը պետք է զարգանա, ինչի արդյունքում բնակիչները պետք է ընտրեն ավագանու ղեկավար, իսկ ղեկավարը պետք է աշխատի ինքնուրույն` ժողովրդի համար, առանց կախվածության եւ կաշկանդվածության: Բայց այսօր որեւիցե անկախ տեղական ինքնակառավարման մարմին գոյություն չունի, այսինքն` պետական ապարատն այսօր լծված է ՏԻՄ համակարգը քանդելու գործին: Ջրհեղեղից հետո ասում են՝ քաղաքային իշխանության ձեռքին շատ բան չկա, իսկ ո՞վ ասաց, որ չկա: ՏԻՄ-ն ունի շատ մեծ լիազորություններ, եթե ինքնուրույն լինի: Ունի համայնքային բյուջե, այն կարող է կառավարել, սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել, ֆինանսներ միացնել, այլ պետական եւ ոչ պետական միջոցներ ներառել, արդյունքում մի շարք խնդիրներ լուծել: 

Մեր կառավարման մեկ տարվա ընթացքում այլ միջոցների, ինչպես նաեւ սուբվենցիոն միջոցների հաշվին կարողացել ենք համայնքը զարգացնել, բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել, ծրագրեր իրականացրել: Այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արվում ՔՊ-ական իշխանության կողմից` ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլեւ մնացյալ բնակավայրերում: Ասեմ ավելին` նախորդ տարի լրացուցիչ բյուջե են տրամադրել համայնքներին, այսինքն` այն բյուջեն, որ համայնքն ուներ, նաեւ ավելացվեց, բայց անգամ այդ դեպքում ոչինչ չի արվում: 

Այս իշխանությունն իշխանազավթում անում է ոչ թե համայնքների զարգացման համար, այլ` պետական ապարատն իր ձեռքում պահելու, վարչական լծակներ օգտագործելու համար: Շուտով ընտրություններ են՝ գուցե 2025 թվականին ինչ-ինչ աշխատանքներ անելու, ընտրություններից առաջ բնակչությանն ինչ-որ բան ցույց տալու համար»: