«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ ժողովուրդ, Վանաձոր համայնքի հարգելի բնակիչներ
Ինչպես գիտեք, 05.12.2021թ․ Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական պարտությունն էր կրել, իսկ ոչ իշխանական ու ընդդիմադիր ուժերը հավաքել էին ընտրողների 75%-ի ձայնը։
Սակայն, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ՔՊ-ն, օգտվելով լիազորություններից ու դիրքից, ձերբակալեց ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ հասկանալով, որ կորցրել է իշխանությունը Վանաձորում։ Ավելին, համայնքապետ ընտրելու նպատակով գործի դրվեց ավագանու լիազորությունների կասեցման մեխանիզմը, և Նիկոլ Փաշինյանը նշանակեց համայնքապետի պաշտոնակատար մինչև դատական գործընթացի ավարտը, որը ձգվեց 4 տարի։
Բայց կարծես ավարտվում է Վանաձորյան այս ոդիսականը․ դատարանն այսօր ամբողջությամբ վերացրեց նիստ գումարելու արգելքը (վճռից հատված՝ մեկնաբանություններում)։
Այլ կերպ ասած՝ Վանաձորի ավագանին վերջապես կարող է իրականացնել ընտրողների կողմից իրեն վերապահված իրավունքը՝ ընտրել համայնքապետ, որի աթոռը մինչև այժմ բռնազավթված էր իշխանության կողմից։
«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է խորհրդակցություններ ընդդիմադիր ուժերի հետ համայնքապետ առաջադրելու հարցով և հանձնառու է Վանաձոր համայնքը ազատագրել ՔՊ-ական լծից ու ազդեցությունից։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ հայտարարություններով»։