Հովհաննավանքում կիրակի նախատեսվող «պատարագը» ոչ թե հոգևոր արարողություն է, այլ քաղաքական շոու․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

calendar

25 Հոկտեմբեր, 2025

Տպել

Հովհաննավանքում կիրակի նախատեսվող «պատարագը» ոչ թե հոգևոր արարողություն է, այլ քաղաքական շոու․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Հովհաննավանքում կիրակի նախատեսվող «պատարագը» ոչ թե հոգևոր արարողություն է, այլ քաղաքական շոու, որը, անկասկած, խարխլում է պետության և Եկեղեցու հիմքերը, վտանգում ազգային միասնականությունն ու հոգևոր անվտանգությունը։

Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ շարունակվող հալածանքների ու բռնաճնշումների ֆոնին՝ արդեն կարգալույծ հռչակված անձի մատուցած պատարագին ներկա գտնվելու և դրան աջակցելու Փաշինյանի ու իշխանական պատգամավորների հայտարարությունները խիստ վտանգավոր են և մտահոգիչ։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունների նպատակն է թուլացնել Հայ Եկեղեցու ազդեցությունը, քանդել մեր ազգային արժեքների հիմքերը և ժողովրդին զրկել հոգևոր ինքնությունից։

Մեծ հաշվով, այն ինչ անում է այս իշխանությունը, պայքար է հայկականության դեմ։

Հորդորում ենք մեր հայրենակիցներին այս իրավիճակում լինել միասնական ու խոհեմ, չտրվել սադրանքների և չգնալ բախումների։

Փոխարենը, սիրելի՛ հայրենակիցներ, կիրակնօրյա պատարագին հնարավորինս մասնակցեք այլ սրբավայրերում՝ պաշտպանելով մեր եկեղեցու պատիվը և պահպանելով ազգային արժանապատվությունը»։