Սոցցանցերի և ինտերնետի չկարգավորված օգտագործումն ընտանեկան խնդիր չէ․ սա հանրային առողջության հարց է․ Մանե Թանդիլյան

calendar

30 Հունվար, 2026

Տպել

Սոցցանցերի և ինտերնետի չկարգավորված օգտագործումն ընտանեկան խնդիր չէ․ սա հանրային առողջության հարց է․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր օրերում սոցցանցերը դարձել են վտանգավոր միջավայր երեխաների համար՝ հանցագործություններ, սեռական շահագործում, բռնություն, հոգեբանական ճնշում, կախվածություն։

Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն ընտրել են սահմանափակումների ճանապարհը՝ երեխաներին պաշտպանելու համար։ Մեզ մոտ, ցավոք, դեռ գերակշռում են լռությունն ու անգործությունը։

Սոցցանցերի և ինտերնետի չկարգավորված օգտագործումը հանգեցնում է տեսողության խնդիրների, նյարդային խանգարումների, դեպրեսիայի, ագրեսիայի, քնի և ուշադրության խանգարումների, կրթության որակի անկման։

Սա վաղուց միայն ընտանեկան խնդիր չէ․ սա հանրային առողջության հարց է, իսկ դրա նկատմամբ անտարբեր վերաբերմունքը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

Երբ պետությունը չի միջամտում, պատասխանատվությունը չի վերանում․ այն պարզապես տեղափոխվում է երեխաների ուսերին։

Սակայն երեխաներին պարզապես արգելելն ու սահմանափակումներ մտցնելը դեռևս լուծում չէ։ Անհրաժեշտ է ստեղծել և առաջարկել իրական այլընտրանքներ, հանուն որոնց երեխան կհրաժարվի իր «սիրելի զբաղմունքից»։ Ցավոք, այսօր մենք չունենք բավարար ծրագրեր, չկան հետևողական ներդրումներ, չկան անվտանգ և զարգացնող այլընտրանքներ։

Խնդիրը հատկապես սուր է մարզերում, որտեղ երեխաների համար ստեղծված միջավայրը շարունակում է մնալ խիստ սահմանափակ՝ մարզական, մշակութային և կրթական հնարավորությունների պակասով։

Այս ուղղությամբ քայլերը պետք է լինեն արագ և առաջնահերթ։

Երեխաներին պաշտպանելը պահանջում է քաղաքական կամք։ Իսկ քաղաքական կամքի բացակայությունը նույնպես ընտրություն է՝ ընտրություն, որի գինը վճարում են երեխաները»։