«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհակալան նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի համար, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Նամակում նշված է․ «Հարգարժա՛ն տիկին Բրաուն-Պիվե
Խորին երախտագիտություն եմ հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի համար, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Այս մարդասիրական դիրքորոշումը հերթական անգամ հաստատում է Ֆրանսիայի հավատարմությունը միջազգային իրավունքին, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը։
Ձեր ղեկավարած կառույցի այս որոշումը ոչ միայն կարևոր քաղաքական ուղերձ է, այլ նաև հույսի և աջակցման ազդակ՝ հայ գերիների ընտանիքների և ողջ հայ ժողովրդի համար։
Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Ազգային ժողովի հետևողական, սկզբունքային և պատասխանատու դիրքորոշումը՝ անձի արժանապատվության, ազատության և հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերում, հատկապես այն իրավիճակներում, երբ լռությունը կարող է վերածվել համակերպման։
Ընդունեք, խնդրում եմ, մեր խորին երախտագիտության և բարձր գնահատանքի հավաստիքը»։