Դրանք իրավական գործընթաց չեն, այլ՝ քաղաքական հաշվեհարդար․ Մանե Թանդիլյան

calendar

12 Փետրվար, 2026

Տպել

Դրանք իրավական գործընթաց չեն, այլ՝ քաղաքական հաշվեհարդար․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե  Թանդիլյանը հարցազրույց  է տվել «Հրապարակ» օրաթերթին։

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

- Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դիվանագիտական ճանապարհով նամակ էիք փոխանցել՝ խնդրելով միջնորդել Բաքվի բանտերում պահվող հայերի ազատ արձակման հարցում։ Տարբեր հայ գործիչներ եւ հայկական կառույցներ եւս դիմել են Վենսին՝ նույն խնդրով։ Ըստ Ձեզ, հանրային դիվանագիտությունը որքանո՞վ կազդի Վաշինգտոնի վրա։

- ԱՄՆ-ն, որպես խաղաղարար դերակատարում ստանձնած պետություն, ունի առանձնահատուկ պատասխանատվություն այս խնդրի արդար եւ վերջնական լուծման հարցում։ Տարբեր կառույցների եւ անհատների կողմից փոխնախագահ Վենսին ուղղված կոչերն ու նամակները չեն կարող մնալ անարձագանք։ ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատվող խաղաղությունը չի կարող լիարժեք կամ կայուն լինել, եթե չի ապահովում հայ գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը ոչ միայն մարդասիրական, այլեւ քաղաքական վստահության հիմնարար պայման է։

- Ողջամիտ կարծիք կա, որ հանրային դիվանագիտությունը (Public diplomacy) պետք է ոչ թե գեղեցիկ գաղափար լինի, այլ՝ ֆունկցիոնալ գործիք, որը հնարավորություն կտա ունենալ կոմպետենցիաներ` ինչպես օգտագործել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունները։ Մյուս կողմից էլ՝ ունենք ՀՀ ներկայիս իշխանությունների, ըստ էության, անտարբեր դիրքորոշումը մեր գերեվարված հայրենակիցների ճակատագրի հանդեպ։

- Մեծ ակնկալիք ունեմ, որ փոխնախագահ Վենսն այս հարցում ականջալուր կլինի ոչ թե կուլիսներում ներկայացվող ձեւակերպումներին, այլ մեր ժողովրդի իրական ձայնին՝ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ սպասում են արդարության եւ իրենց հարազատների վերադարձին։ Խնդիրը չի կարելի դիտարկել զուտ դիվանագիտական հաշվարկների կամ տարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակում՝ անտեսելով դրա հստակ մարդասիրական եւ քաղաքական էությունը։ Ակնկալում եմ, որ նրա դիրքորոշումն ու հետագա քայլերը կլինեն համարժեք իրականությանը եւ կարտացոլեն այն պատասխանատվությունը, որը կրում է ԱՄՆ-ն՝ որպես խաղաղ գործընթացներում առանցքային դերակատար։

- Շուրջ երկամսյա դադարից հետո Բաքվում վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ դատավարությունը։ Նրա նկատմամբ ձեր քաղաքական ուժի եւ անձամբ Ձեր վերաբերմունքը, Ձեր զգացումները հայտնի են։ Վարդանյանի մասին եւս ակնարկել եք Վենսին ուղղված նամակում։ Ի՞նչ սպասումներ ունեք նրա դեմ շինծու դատավարությունից։ Սպասե՞լ հրաշքի...

- Բաքվում ընթացող «դատավարություններից» որեւէ արդար սպասելիք չունեմ։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք կամ երբեւէ պետք է ընդունենք այնտեղ կայացվող «վճիռները»։ Դրանք իրավական գործընթաց չեն, այլ՝ քաղաքական հաշվեհարդար։ Մեր պարտքն ու պարտականությունն է՝ շարունակական ու համակարգված պայքար բոլոր հնարավոր հարթակներում՝ քաղաքական, իրավական եւ միջազգային։ Քանի դեռ վերջին հայը չի վերադարձել իր տուն, այս պայքարը չի դադարելու՝ անկախ վայրից, ժամանակից կամ ճնշումներից։

- Ադրբեջանում մեծ հիստերիա են բարձրացրել եւ պնդում են, թե հայկական լոբբիստական կառույցները, հատկապես՝ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը, օգտագործելով Միացյալ Նահանգների փոխնախագահի հարավկովկասյան ուղեւորությունը, փորձում են ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հայ բանտարկյալների հարցով։ Հիշատակում են նաեւ փետրվարի 9-ին ՀՀ նախագահական նստավայրի դեմ տեղի ունեցած ցույցը՝ Վենսի այցին ընդառաջ, նույն գերիների ազատ արձակման պահանջով։ Դրան նաեւ Դուք մասնակցեցիք…

 - Ադրբեջանի «հիստերիան» ոչ այլ ինչ է, քան պարզ մանիպուլյացիա։ Իրական ճնշումը ոչ թե մենք ենք ստեղծում, այլ այն, որ դեռ կան հայ գերիներ, որոնք անարդար կերպով պահվում են Բաքվում։ Ես առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոքի», հրավիրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սեփական աչքով տեսնելու այնտեղ գտնվող հայերի «դատավարությունները», պայմանները, տառապանքն ու փաստերը, թե ինչի համար են այդ մարդիկ «դատվում»։ Աշխարհը պետք է տեսնի եւ ընդունի ճշմարտությունը, ոչ թե Բաքվի դեկլարացիաները կամ հնչեցրած պնդումները։