Թող մեր հավատն ու ամենօրյա աշխատանքը դառնան այն ամուր հիմքը, որի վրա կկառուցվի մեր երազանքների Հայաստանը․ Մանե Թանդիլյան

calendar

09 Մարտ, 2026

Տպել

Թող մեր հավատն ու ամենօրյա աշխատանքը դառնան այն ամուր հիմքը, որի վրա կկառուցվի մեր երազանքների Հայաստանը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի՛ մայրեր, քույրեր և դուստրեր,

Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի առթիվ:

Ինձ համար՝ որպես կին և որպես քաղաքական գործիչ, այս տոնը սոսկ օրացուցային չէ: Սա առիթ է՝ գնահատելու այն հսկայական ճանապարհը, որն անցել են կանայք՝ վերաիմաստավորելով իրենց դերը կյանքի բոլոր ոլորտներում։

Վաղուց արդեն կոտրվել է «թույլ էակի» կարծրատիպը։ Ժամանակը ցույց է տվել, որ կնոջ իրական ուժը հենց հակադրությունների ներդաշնակության մեջ է. մենք կարող ենք լինել հոգատար, բայց վճռական, իմաստուն, բայց համարձակ։ Կինն այսօր ոչ միայն պահպանում է ընտանիքի անդորրը, այլև կառուցում է զարգացման նոր օրակարգեր՝ իր շուրջը տարածելով վստահություն և հույս։

Եվ յուրաքանչյուր աղջիկ պետք է մեծանա վստահությամբ, որ կարող է առաջնորդել, որոշումներ կայացնել և պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի, իր մեծ ու փոքր միջավայրի համար։

Մեծ ակնածանքով և խոնարհումով հիշում եմ այն բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին, ովքեր պատերազմներում կորցրել են իրենց զավակներին, հայրերին, եղբայրներին կամ սիրելիներին։ Ձեր ուժը, տոկունությունը և անկոտրում կամքը մեր բոլորի ոգևորությունն են, ձեր օրինակը՝ մեր ուղեցույցը։

Սիրելի կանայք, թող մեր հավատն ու ամենօրյա աշխատանքը դառնան այն ամուր հիմքը, որի վրա կկառուցվի մեր երազանքների Հայաստանը, և թող յուրաքանչյուր օր մենք շարունակենք քայլել վստահությամբ, ապրել սիրով և ստեղծել ապագա, որի հիմքում կնոջ ուժն ու ներկայությունն են՝ անսահման հույս ու անկոտրում հավատ բերելով մեր հանրությանը»։