Քաղաքային իշխանության անպատասխանատու ցուցադրականությունը շուտով պատասխանատվության կենթարկվի․ Առաքելյան

calendar

12 Մարտ, 2026

Տպել

Քաղաքային իշխանության անպատասխանատու ցուցադրականությունը շուտով պատասխանատվության կենթարկվի․ Առաքելյան

Երևանի քաղաքապետարանը համառորեն շարունակում է մայրաքաղաքում ծառահատումների գործընթացը՝ այն ներկայացնելով որպես «բարեկարգում»։ Սակայն այդ «բարեկարգումը» ավելի ու ավելի է նմանվում քաղաքն իր բնական պաշտպանությունից զրկելու քաղաքականության։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Բողբոջած, կենդանի ծառերը հատվում են այն պահին, երբ Երևանը խեղդվում է փոշուց, արտանետումներից և շուտով՝ նաև ծանրացող շոգից։ Նորմալ քաղաքներում այս պայմաններում պայքարում են յուրաքանչյուր ծառի համար․ Երևանում՝ տասնյակ տարիներով աճած ծառերը պարզապես սղոցվում են։

Մի քանի րոպեում ոչնչացվում է այն, ինչ աճել է տասնամյակներ։ Ակնհայտ է, որ ցուցադրական տնկիները չեն կարող փոխարինել տարիների ընթացքում ձևավորված մեծ ծառերին, որոնց սաղարթն ապահովում էր ստվեր, մաքրում օդը և պահպանում քաղաքի բնական հավասարակշռությունը։

Սա այլևս քաղաքային տնտեսության խնդիր չէ, այլ ավելի շուտ ընտրություն է՝ քաղաքի առողջ միջավայրի հաշվին առաջնահերթություն տալ բետոնին և կարճաժամկետ «բարեկարգման» ցուցադրական նախագծերին։

Քաղաքային իշխանության անպատասխանատու ցուցադրականությունը շուտով պատասխանատվության կենթարկվի, բայց այսօր դրա ծանր գինը վճարում են բոլոր երևանաբնակները՝ շնչելով փոշին ու ամեն օր կորցնելով շրջապատի կանաչը»,- գրել է նա։