Մեր մտքերն ու զորակցությունները բոլոր նրանց հետ են, ովքեր այս պահին կանգնած են դժվարությունների առաջ․ Մանե Թանդիլյանը՝ Լիբանանի դեսպանին

calendar

13 Մարտ, 2026

Տպել

Մեր մտքերն ու զորակցությունները բոլոր նրանց հետ են, ովքեր այս պահին կանգնած են դժվարությունների առաջ․ Մանե Թանդիլյանը՝ Լիբանանի դեսպանին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան տիկին Դիմա Հադդադին՝ հայտնելով խորին ցավակցություն Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը․

Հարգելի տիկին դեսպան

«Ապրելու երկիր» կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին:

Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած աղետալի իրադարձությունները։

Հայ ժողովուրդը լավ հասկանում է խաղաղ բնակչության հանդեպ սպառնալիքների ու ավերածությունների ծանր ազդեցությունը, ուստի ավելի մեծ սրտացավությամբ և մտահոգությամբ ենք մեր համերաշխությունը հայտնում Լիբանանի ժողովրդին և Ձեզ՝ այս դժվար ժամանակաշրջանում։

Հայերն ունեն դարավոր բարեկամական հարաբերություններ Լիբանանի ժողովրդի հետ, և Լիբանանում բնակվող հայ համայնքը տարիներ շարունակ մասնակցել է երկրի հասարակական ու մշակութային կյանքին՝ ամրացնելով երկու ժողովուրդների միջև սերտ կապերը:

Հուսով ենք, որ շուտով անվտանգությունն ու կայունությունը կվերականգնվեն, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային՝ առանց տագնապի և վախի:

Մեր մտքերն ու զորակցությունները բոլոր նրանց հետ են, ովքեր այս պահին կանգնած են դժվարությունների առաջ: