Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը սոսկ հիշատակի օր չէ. այն մեր ազգային արժանապատվության և քաղաքական սթափության դաժան քննությունն է։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Արմենակի, Ռոբերտի, Ադամի, Քյարամի և այլ հերոսների մատաղ կյանքերի գնով պաշտպանված Արցախն այսօր հայաթափված է՝ դառնալով քաղաքական սխալների և կիսատ թողած պայքարի լուռ վկան։
Պատմությունը փաստում է՝ անդառնալի պարտությունը ոչ թե տարածքային կորուստներն են, որոնք միշտ հնարավոր է հետ բերել խոր ու հեռատես դիվանագիտության շնորհիվ, այլ սեփական անցյալից ու ազգային ինքնությունից հրաժարումը։ Պարտությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հաշտվողականությունն ու մոռացումը։
Մենք պարտավոր ենք ուղղել ազգի ճկված մեջքը և արմատախիլ անել պարտվողի հոգեբանությունը մեր գիտակցությունից։ Վերադարձ դեպի արժանապատիվ պետականություն սկսվում է սխալների սրբագրմամբ և գործնական նվիրումով՝ ի փառս մեր հերոսների անմար հիշատակի։
Հիշում ենք, խոնարհվում ենք և խոստանում՝ անել առավելագույնը, որպեսզի արժանի լինենք մեր բոլոր պատերազմներում նահատակված հերոսների սխրանքին ու թափած արյանը»,- գրել է նա։