«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեության ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Այս խոսքերը պատկանում են Հայաստանի ազգային հերոս, պետական և քաղաքական խոշոր գործիչ Կարեն Դեմիրճյանին։ Այսօր նա կդառնար 94 տարեկան։
Դեմիրճյանն այն եզակի առաջնորդներից էր, ում կերպարը մեր հավաքական հիշողության մեջ դրոշմվել է հպարտության, կարոտի և խորը ափսոսանքի զգացումներով։
Նրա մեծության հիմքում ընկած էր պետականամետ մտածողությունը և մարդակենտրոն վերաբերմունքը։ Դեմիրճյանը սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով և իր ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու անկոտրում կամքով։
Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար։ Կամ մենք բարձրանում ենք այդ մակարդակին, կամ շարունակում ենք ապրել՝ կրելով անսկզբունքային և անարդյունավետ կառավարման բոլոր հետևանքները։
Շնորհավոր երկնային տարեդարձդ, օրինակելի հայ և քաղաքական գործիչ»,- գրել է նա։