Ողջունում եմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով վերահաստատվում է աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո»։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Կարևոր է նաև, որ փաստաթուղթը պահանջում է պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար մեղավորներին, ինչպես նաև անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին։
Սա համարում եմ կարևոր և նշանակալի քայլ՝ էթնիկ զտման ենթարկված և գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Սակայն այս ամենի ֆոնին մի հարց անխուսափելիորեն առաջանում է․ Հայաստանի իշխանությունները, որոնք հասարակությանը փորձում են համոզել, թե Արցախի ժողովրդի իրավունքների մասին խոսելը, գերիների վերադարձ պահանջելը «պատերազմի կոչ» է, արդյո՞ք նույն գնահատականը կտան նաև Եվրախորհրդարանի այս բանաձևին։
Արժանապատիվ և երկարատև խաղաղություն հնարավոր է, բայց միայն այն դեպքում, երբ լուծում ստանան բոլոր հիմնարար և չլուծված հարցերը՝ ներառյալ Եվրախորհրդարանի բանաձևում արձանագրված վերոհիշյալ կարևորագույն դրույթները»,- գրել է նա։