Վեդիում տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ լրագրող Սյուզի Բադոյանի բացահայտումները սահմռկեցուցիչ են։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Հաղորդվում է, որ մանկապղծության մեջ մեղադրվողներին դատախազը մեղադրանք է առաջադրել 5-10 տարվա ազատազրկման հոդվածով:
Իմ համոզմամբ, անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների նկատմամբ քրեական օրենսգրքով սահմանված պատիժները պետք է խստացվեն՝ սահմանելով բացառապես ցմահ ազատազրկում։
Դեռ չեմ խոսում հանցագործության բացահայտման զարգացումների մասին: Մի երկրում, որտեղ նույնիսկ չնչին դեպքերով քրեական վարույթներ են հարուցվում և պատասխանատվություն է պահանջվում, նման բնույթի դաժան հանցագործության ամբողջական բացահայտմանը հետամուտ է եղել լրագրողը:
Երեխաների անվտանգությունը պետք է լինի պետության անխախտ առաջնահերթությունը։
Հայաստանի նման փոքր ու վերահսկելի երկրում մանկապղծության երևույթը տեղ ունենալ չի կարող»,- գրել է նա։