Մանկապարտեզ կամ ասֆալտ ունենալը կարևոր է, բայց դրանք չպետք է լինեն պետական քաղաքականության միակ չափանիշը․ Սյուզաննա Ավետիսյան

calendar

18 Հունիս, 2026

Տպել

Մանկապարտեզ կամ ասֆալտ ունենալը կարևոր է, բայց դրանք չպետք է լինեն պետական քաղաքականության միակ չափանիշը․ Սյուզաննա Ավետիսյան

Վերջին տարիներին անվտանգային խնդիրներն այնքան առաջնային են դարձել, որ հանրային քննարկումներից դուրս են մնացել մի շարք կենսական հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկանց բարեկեցությանն ու կյանքի որակին։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանը։

«Հանրային կառավարումը հենց այն համակարգն է, որը պետք է ապահովի պետության ռեսուրսների արդյունավետ կառավարումը, պետական մարմինների կայուն աշխատանքը և հանրային շահի պաշտպանությունը։ Եթե քաղաքական գործիչները որոշում են, թե ինչ անել, ապա հանրային կառավարման մասնագետները պետք է ապահովեն, թե ինչպես դա անել արդյունավետ և պատասխանատու կերպով։

Ամենայն հարգանքով պետական ու համայնքային բազմաթիվ ծառայողների նկատմամբ՝ եկեք ընդունենք, որ մեր երկրում ունենք հանրային կառավարման աղետալի վիճակ։ Այս կառավարման բացերի հետևանքներն են նաև վերջին տարիների բազմաթիվ ողբերգությունները՝ օրինակ երեխաների անվտանգության հետ կապված դեպքեր, մանկապղծություններ, վթարներ, ջրախեղդություններ և այլ ցավալի կորուստներ։

Մենք հաճախ հանրային քաղաքականությունը գնահատում ենք միայն տեսանելի արդյունքներով՝ ասֆալտով, շենքերով կամ նորոգումներով։ Սակայն լավ կառավարումը շատ ավելին է, քան ենթակառուցվածքները։ Այն անվտանգ դպրոցներն են, արդյունավետ վերահսկողությունը, կանխարգելումը, հաշվետվողականությունը և մարդու կյանքի արժեքը։

Մանկապարտեզ կամ ասֆալտ ունենալը կարևոր է, բայց դրանք չպետք է լինեն պետական քաղաքականության միակ չափանիշը։ Պետության գլխավոր նպատակը պետք է լինի անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի կյանք ապահովել քաղաքացիների համար։ Իսկ որքան ավելի պոպուլիստական և ոչ պրոֆեսիոնալ լինի կառավարումը, այնքան ավելի ծանր են լինելու դրա հետևանքները»,- գրել է նա։