Յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր հետևողական քայլ կարող է բեկումնային դեր ունենալ մեր գերիների ազատ արձակման գործընթացում․ Թանդիլյան

calendar

25 Հունիս, 2026

Տպել

Յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր հետևողական քայլ կարող է բեկումնային դեր ունենալ մեր գերիների ազատ արձակման գործընթացում․ Թանդիլյան

Մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ եմ հետևել Բաքվում մեր հայրենակիցների պատանդառման 1000-րդ օրվան նվիրված ասուլիսին մասնակցած ԱՄՆ կոնգրեսականների ելույթներին։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Խիստ խորհրդանշական է, որ էթնիկ զտման ենթարկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության և հայ գերիների անհապաղ ազատ արձակման մասին այսօր ավելի բարձր ու հետևողական են խոսում օտարերկրացի գործիչները։ Մինչդեռ պաշտոնական Երևանը խաղաղության իր օրակարգում անամոթաբար չի ներառում այդ հիմնահարցերը։

Հատկանշական է նաև ԱՄՆ կոնգրեսականներից լսել մեր կողմից մշտապես բարձրաձայնվող այն պնդումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական գերությունից ու չի վերադարձել իր ընտանիքի մոտ։

Իմ խորին շնորհակալությունն ու աջակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մոռացության չեն տալիս, որ 21-րդ դարում արդեն ավելի քան 1000 օր է, ինչ առնվազն 19 հայ շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ՝ ենթարկվելով քաղաքական հաշվեհարդարի, կրելով ծանրագույն պատժաչափեր՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Վստահ եմ՝ յուրաքանչյուր նման ելույթ, յուրաքանչյուր հետևողական քայլ կարող է լսելի դառնալ և բեկումնային դեր ունենալ մեր գերիների ազատ արձակման գործընթացում»,- գրել է նա։