Եթե երեխաների շրջանում իսկապես ձևավորվել է համատարած խնդիր, պետք է գտնել լուծումներ․ Մանե Թանդիլյան

calendar

09 Սեպտեմբեր, 2026

Տպել

Եթե  երեխաների շրջանում իսկապես ձևավորվել է համատարած խնդիր, պետք է գտնել լուծումներ․ Մանե Թանդիլյան

Իմ շրջապատում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չասեմ՝ բողոքում, ավելի ճիշտ՝ նեղվում են, որ իրենց երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը։ Այս մասին ֆեյսբուքի կիր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ժամերով նստում են դասագրքի առաջ, բայց հետո պարզվում է, որ չեն հասկացել՝ ինչ են կարդացել։ Դժվարանում են վերարտադրել նյութը, պատասխանել հարցերին, առանձնացնել հիմնական միտքը, հասկանալ խնդրի պահանջը կամ կիրառել նոր սովորածը մեկ այլ իրավիճակում։

Վերջին շրջանում հրապարակված մի շարք հետազոտություններ ևս, ինչպես ներկայացնում են ոլորտի մասնագետները, նույն պատկերն են արձանագրում։

Եթե սա իսկապես լայն տարածում ունեցող խնդիր է, ապա այն չի կարող մնալ միայն ծնողի, ուսուցչի կամ կոնկրետ երեխայի խնդիրը։ Սա կրթական համակարգի խնդիր է և, հետևաբար, պետական քաղաքականության հարց։

Բայց նախ պետք է հասկանալ՝ որտե՞ղ է խնդրի պատճառը։

Գուցե դասագրքե՞րն են։ Հնարավո՞ր է, որ դրանք չեն նպաստում երեխայի՝ կարդացածը հասկանալու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու կարողությունների զարգացմանը։

Գուցե երեխանե՞րն են աստիճանաբար հեռացել գրքից։ Չէ՞ որ նրանց առօրյան այսօր կառուցված է կարճ տեսանյութերի, պատկերների, արագ փոփոխվող տեղեկատվության և մի քանի վայրկյանում ստացվող պատասխանների շուրջ։

Կամ գուցե գաջեթներն ու տեսողական տեղեկատվության առատությունն այնքան են փոխել տեղեկատվություն ընկալելու մեր երեխաների ձևը, որ ուղեղը պարզապես սկսել է նախընտրել ամենահեշտ, ամենաարագ և նվազագույն ջանք պահանջող տարբերակը։

Մի բան անխախտ է․ կրթությունն ազգային անվտանգության հարց է։

Հետևաբար, եթե մեր երեխաների շրջանում իսկապես ձևավորվել է համատարած խնդիր, որոնց մասին ահազանգերը չեն դադարում, պետք է ուսումնասիրել պատճառները, լսել մասնագետներին, հասկանալ միջազգային փորձը և գտնել լուծումներ, որոնք կաշխատեն հենց մեր կրթական համակարգի համար։

Եկեք նաև միասին փորձենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում մեր երեխաների հետ, որտե՞ղ ենք մենք կամ իրենք սխալվում և ի՞նչը պետք է փոխենք։

Եվ գուցե միասին կպարզենք, որ այս պատմության մեջ առանցքայինն այն է, որ ոչ թե երեխան չի ուզում կարդալ, այլ՝ կարդում է, բայց չի հասկանում»,- գրել է նա։