Շաքի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, բազմաթիվ պատճառներից բացի նաև սահմանազատման բացակայության հետևանքն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը, սակայն սահմանի որևէ հատվածում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում։
Մինչև կանոնակարգի հաստատումը, Տավուշի հատվածում իրականացված անօրինական սահմանազատումը նպատակ ուներ միայն կատարել Ադրբեջանի հերթական պահանջներ։
Սահմանի մնացած հատվածը սահմանազատելու դեպքում,ոչ միայն ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու տարածքների մեծ մասից, այլ հնարավոր կլինի ունենալ նաև նորմալ սահմանային անվտանգություն՝ առաջին հերթին փշալարերի միջոցով։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում, հետևաբար,անհրաժեշտ է այս գործընթացի համար դիմել միջազգային գործընկերներին՝ աջակցելու սահմանազատման արագ իրականացմանը՝ որպես երկու երկրների կողմից ստանձնած պարտավորություն»,- գրել է նա։